Սեպտեմբերի 25-ին ՀՀ Կառավարությունը քննարկել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին»՝ մասնավորապես «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Նախարարության այս նախագիծը արժանացավ աշխատող կանանց մեծամասնության քննադատությանը և իր տրամաբանական շարունակությունը ստացավ այսօր՝ ՀՀ Կառավարության շենքի դիմաց: Երիտասարդ կանայք պահանջեցին հետ կանչել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնցով նախատեսվում է նվազեցնել աշխատող մայրերի նախածննդյան և հետծննդյան նպաստի չափը։

Օրենքի նախատեսվող փոփոխության վերաբերյալ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը Yerevannews-ի հետ զրույցում նշեց, որ իրենք առաջարկել են մի խնդիր, որի լուծման տարբեր առաջարկների դեպքում պատրաստ են այն քննարկել թե՛ հասարակության, և թե՛ հասարակական կազմակերպությունների բոլոր խելամիտ առաջարկները:

«Որպես կին չեմ ընդունում մամուլում շրջանառվող այն կարծիքները, թե օրենքը փորձում է նպաստ տալ չաշխատող կանաց՝ աշխատող կանանց հաշվին: Այս քննարկումները կոնֆլիկտի են տանում, այնինչ, մենք փորձում ենք միայն աջակցություն ցուցաբերել չաշխատող կանաց, ովքեր թե՛ հղիության, և թե՛ երեխայի ծննդից հետո կանգնում են մի շարք ֆինանսկան խնդիրների առաջ»,- ասաց Անահիտ Գալստյանը՝ հավելեով, որ այս ոլորտում կա նաև որոշակի բաց, ինչը երկրորդ խնդիրն է օրենքում փոփխություններ կատարելու համար: «Հաճախ, գործատուն ու աշխատողը, ջրից չոր դուրս գալով, կարողանում են այնպես անել, որ տվյալ աշխատողը ստանա անաշխատողության15 մլն. դրամի նպաստ»,- ասաց նա:

Անահիտ Գալստյանի խոսքով, մի երկրում, ուր միջին աշխատավարձը 150 հազար դրամ է, ամենևին քիչ  չէ աշխատող կնոջ համար ժամանակավոր անաշխատողականության նպաստ ստանալ միջին աշխատավարձի հնգապատիկի չափով, որը կազմում է մոտավորապես 660 հազար դրամ:

Yerevannews.am-ի այն հարցին, թե արդյո՞ք իրական է այն, որ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 150 հազար դրամ, Ա. Գալստյանը նշեց, որ սրանք միայն իր խոսքերը չեն, այդ մասին հայտարարել է պետական վիճակագրությունը:

Այո, այսպիսի թվերի իրական լինելու դեպքում իրավիճակը այսքան ցավալի չէր լինի: ՀՀ-ում բնակվող և իրականությանը բաց աչքերով նայող ցանկացած քաղաքացի պարզ հասկանում է, որ նշված միջին աշխատավարձի չափը ոչ իրատեսական է, չի համապատասխանում մեր իրականությանը: