«Ժամանակ» թերթը գրում է.

«Այսօր արդեն միջազգային շուկայում նավթի գինը 1 բարելի դիմաց արժե 85.62 դոլար՝ նախկին 110 դոլարի փոխարեն, մինչդեռ հայաստանյան շուկայում նավթի գնի փոփոխություն այդպես էլ նկատելի չէ: Հայաստան նավթամթերք ներկրողները դեռևս չեն շտապում գները համապատասխանեցնել միջազգային շուկայի գներին՝ շարունակելով գերշահույթներ ստանալ: Իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը համարում է, որ դեռևս որևէ խախտում չկա, և վարույթ հարուցելու հիմքեր չկան: Իրենք ուշադրությամբ հետևում են, դեռ ժամանակը չի լրացել, և որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որ գնային փոփոխություններն անդրադառնան Հայաստանի գների վրա:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում նավթամթերքի գինը փոփոխության չի ենթարկվում միայն այն պատճառով, որ այս ոլորտում ևս մենաշնորհ է: «Բացատրությունը միայն այն է, որ մենաշնորհ է: Երբ որ տնտեսության մեջ մրցակցություն չկա, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները կամ ցնցումները որևէ ձևով չեն կարող ազդել»,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Ընդ որում՝ նրա խոսքով, ամենամեծ գերշահույթ ստացողը «Ռոսնեֆտ»-ն է, որն այսօր էլ Հայաստանում նավթամթերք ներկրող միակ ընկերությանն է, որը համապատասխան ներկայացուցչություն ունի այստեղ և այս օրերին գերշահույթ է ստանում, իսկ «Ֆլեշը» ու «Սի Փի Էսը» և մյուս ընկերությունները մանրածախ վաճառողներ են»,- գրում է թերթը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: