Ի հակադրումն միջազգային կազմակերպությունների ոչ լավատեսական դիտարկումներին Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ, տնտեսական ակտիվության մակարդակն անցած ամիս բարելավման միտում է ցուցաբերել։ Այս մասին վկայում է ԱՎԾ-ի այսօրվա հրապարակած օպերատիվ տվյալները, որոնց համաձայն սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմել է 4,3 տոկոս։ Հիշեցնեմ, որ նախորդող ութ ամիսների համար այդ ցուցանիշը կազմել է 4.1 տոկոս: Ըստ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների աճ է նկատվել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում: Այսպիսով նախորդ ամսվա համեմատ արդյունաբերության աճը սեպտեմբերին կազմել է 15, գյուղատնտեսությանը՝ 43 տոկոս։ Գյուղատնտեսությանը աճը ութ ամսվա 4,9-ից բարձրացել 6,9 տոկոսի:

Ըստ այդմ, գյուղատնտեսությունը դարձել է Հայաստանի տնտեսության ամենաբարձր աճն ապահովող ճյուղը։ Գյուղատնտեսության ոլորտում աճը բնական է, քանզի բազմաթիվ մշակաբույսերի և մրգերի բերքահավաքը սկսվում է հենց այդ ժամանակ: Սակայն ոչ միայն գյուղատնտեսության ոլորտում է նկատվելի աճ եղել. արդյունաբերության ոլորտում ևս նկատվել է աճի միտում ութ ամսվա 0,9 տոկոսից բարձրացել է 1,7-ի: Այս ամենի հետ մեկտեղ աճ է գրանցվել նաև արտահանման ոլորտում, ինչը կապված է Վերին Լարսի անցակետի բացման հետ: Սեպտեմբերին անցակետի անխափան աշխատանքի շնորհիվ արտահանում ավելացել է 25 տոկոսով, ինչ վկայում է անցակետի կարևորության մասին ՀՀ արտահանման մեջ: Ընդհանուր առմամբ Հայաստանից դուրս է տարվել 142 մլն դոլարի ապրանք, օգոստոսի՝ 115 միլիոնի դիմաց։

Սակայն անցակետը միշտ անխափան չի գործում, մասնավորապես տարեսկզբից տարբեր պատճառներով այն չի գործել 1-1.5 ամիս: Այսօր էլ այն անխափան չի գործում, այն չի սպասարկվում գիշերային ժամերին ինչը մեծ խոչնդոտ է ՀՀ արտահանում իրականցնելու համար: Այնուամենայնիվ տարեսկզբի ինը ամիսներին Հայաստանից արտահանվել է 1,1 մլրդ դոլարի ապրանք։ Ներմուծումը հասնում է 3,2 միլիարդի։ Այս թվերից երևում է, որ ներմուծման ծավալն զգալի մեծ է ՀՀ-ի արտաքին առևտրում, ինչը շարունակում է խնդիրներ ստեղծել Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշռում։ Ըստ ԱՎԾ-ի տվյալների անկում է գրանցվել էլետրաէներգիայի և շինարարության ոլորտում: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2,5 տոկոսով։ Շինարարությունը նախորդ տարվա ցուցանիշները զիջում է 2,4 տոկոսով։

Հայկ Հարությունյան Facebook