«Հրապարակ» թերթը գրում է.

«Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը երեկ Հայաստանում էր և մասնակցում էր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) կազմակերպած միջոցառմանը, որն անցկացվում էր «Մեր անելիքները ջավախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում» թեմայի շրջանակներում: Նշենք, որ ՋԱՀ-ի հիմնադիրներից է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, իսկ հիմնադրամն ստեղծվել է բոլորովին վերջերս` 2014 թվականի սկզբին: Ելույթ ունեցան մի շարք հայտնի ջավախահայեր` Աշոտ Մելքոնյան, Սոս Սահակյան, Արարատ Մահտեսյան, Գագիկ Գինոսյան և այլք: Նրանց ելույթներից հետո խոսեց նաև Յուրի Վարդանյանը, ով նշեց, որ վիրավորված է կազմակերպիչներից, քանզի իրեն տեղյակ չէին պահել այս միջոցառման մասին:

Ըստ Վարդանյանի` ինքն ընդամենը երկու օր առաջ Սրբազանի հետ լրիվ այլ թեմայով հանդիպում է ունեցել, ու զրույցի վերջում վերջինս հետաքրքրվել է` Երևանում հոկտեմբերի 17-ին կազմակերպվող միջոցառմանը Ձեզ չե՞ն հրավիրել: «Ես էլ ասացի` չէ, ինձ ոչ ոք ոչ մի տեղ չի հրավիրել, սրբազան»,-ասաց դեսպանը:

Սրբազանին ճանապարհելուց մոտ կես ժամ անց զանգահարում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի հայրը` ջավախահայ գործարար, Գյումրիում Ուկրաինայի Հանրապետության հյուպատոս, «Սովրանո» ընկերության հիմնադիր Սոս Սահակյանը, և հրավիրում: Դեսպանը վիրավորված էր նաև նրանից, որ իրեն տեղյակ չեն պահել, որ նման հիմնադրամ է ստեղծվել, և ինքն այդ մասին այստեղ է իմացել: Սրան ի պատասխան, սակայն, Սոս Սահակյանը, ով հիմնադրամի հիմնադիրներից է և հոգաբարձուների խորհրդի նախագահը, հայտարարեց, որ իրենք տեղեկացրել են դեսպանատանը, և զարմանք հայտնեց, որ նորանշանակ դեսպանը չի իմացել այդ մասին: Այնուհետև Յուրի Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հավանաբար թյուրիմացություն է եղել, և դեսպանատան աշխատակիցների մեղքով է, որ ժամանակին չի տեղեկացվել: Ելույթի վերջում դեսպանը, սակայն, մոռանալով իր վիրավորանքը, ասաց, որ ինքը` որպես դեսպան, պատրաստ է ամեն հարցով աջակցել Ջավախքին ու ջավախահայությանը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: