ԱՄՆ-ն անհանգստացած է, որ մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսը շարունակում է մնալ Ադրբեջանում նախնական կալանքի տակ առանց անհրաժեշտ բժշկական օգնության, այս մասին նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին կոչ է արել Ադրբեջանի կառավարությանն ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսին, ում առողջական վիճակը հետզհետե վատթարանում է: 

«Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հարգել օրենքի գերակայությունը և ազատ արձակել հիմնարար ազատություններն իրականացնելու համար ազատազրկվածներին», ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ, հայտնել էինք, որ Ադրբեջանի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսի փաստաբանները հույս չունեն, որ մինչև տարեվերջ կինը կապրի: Նրան պահում են ցուրտ խցում, որտեղ տաք ջրի հասանելիություն չկա:

Լեյլա Յունուսը, ձերբակալությունից հետո կոչ էր արել բարձրաձայնել այն մասին, թե ինչ արյունալի բռնակալություն է տիրում Ադրբեջանում,որը նախագահում է Եվրոպայի Խորհրդում:

Հիշեցնենք, որ Բաքվում ձերբակալված  Լեյլա Յունուսի ձերբակալության հնարավոր պատճառ է համարվում Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելը: