«Հրապարակ» թերթը գրում է.

«Տավուշի մարզում հոկտեմբերի 4-ին՝ շաբաթ օրը, պատրաստվում են եռյակի հանրահավաքին: Այն տեղի է ունենալու Իջևանում, որի քաղաքապետը ԲՀԿ-ական է: Իսկ մարզի ղեկավարը ՀՀԿ-ական Հովիկ Աբովյանն է, ով նաև ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է: Որքան էլ պնդումներ հնչեն, թե ԲՀԿ ղեկավարի ընդվզման շառավիղը մինչև իր բիզնես շահերի սահմանագիծն է, և նա չի կարող գնալ իշխանության հիմքերը խարխլելուն, սակայն լոկալ հանրահավաքներից իշխանությունը մտահոգություն ունի: Այսինքն՝ ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական մարզային չինովնիկների մակարդակով բախում կա, յուրաքանչյուրն իր ղեկավարին պետք է ապացուցի կարողությունները. ՀՀԿ-ն՝ խոչընդոտներ ստեղծելու առումով, ԲՀԿ-ն՝ զանգված հավաքելու: Եվ, որպեսզի այս շահերը սուր չբախվեն, մարզպետի և քաղաքապետի միջև արդեն պայմանավորվածություն կա: Տավուշից մեզ հասած լուրերի համաձայն, մարզպետն ու քաղաքապետը պայմանավորվել են պահպանել հավասարակշռությունը, որ միտինգավորները չդառնան «խելագարված ամբոխներ», որպեսզի քաղաքապետի հետագա պաշտոնավարման վրա չազդի, և հակառակ կողմից էլ չլինեն տհաճ միջամտություններ: Թերևս սա է պատճառը, որ քաղաքապետ Վարդան Ղալումյանը միտինգի նախապատրաստական աշխատանքների մասին հարցից նախօրեին փրփրեց և հրաժարվեց որևէ բան ասել, իսկ Աբովյանը մեզ հետ զրույցում անվրդով ներկայացրեց իրենց առաջիկա անելիքները:

- Պարոն Աբովյան, ի՞նչ եք պայմանավորվել ԲՀԿ-ական քաղաքապետի հետ առաջիկա հանրահավաքի թեմայով:

- Ոչ մի պայմանավորվածություն չունեմ, ես չեմ քննարկել էդ թեման, ինչի՞ պիտի քննարկեմ: Հանդիպում չենք ունեցել: Իսկ իրավիճակի հսկողություն իրականացնողները պետկան մարմիններն են, կան հասարակական կարգի պահպանության ծառայություններ, հանրահավաքների մասին օրենք և այլն:

- Իսկ Դուք ինչպե՞ս եք պատրաստվում առաջիկա հանրահավաքին, քաղաքապետը ԲՀԿ-ական է, Դուք՝ հակառակ ճամբարից: Արդեն նախադեպ կա, որ Ձեր կուսակիցները սադրիչ խմբերով են դիմավորում ընդդիմադիրներին՝ խոչընդոտելու հանրահավաքը:

- Չէ, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, ոչ մի կերպ էլ չեմ պատրաստվում, ինչպե՞ս պետք է պատրաստվեմ: Իրենք իրազեկել են հանրահավաքը, որն ի գիտություն է ընդունվել, կանեն, էլի, ի՞նչ ա եղել:

- Հրազդանում, Սիսիանում, Կապանում Ձեր կուսակիցները գործուղել են մարդկանց՝ այն խոչընդոտելու, Դուք նույնկերպ չե՞ք պատրաստվում:

- Ես ոչ մի ցուցում չեմ տվել, ոչ մի խոչընդոտելու խնդիր էլ չունենք: Եթե օրենքով սահմանված կարգով հանրահավաք են անում, թող անեն, ի՞նչ ա եղել: Ես ոչ մի բանի համար մտահոգություն չունեմ: Երեք օր ա մնացել, կլինի հանրահավաքը, ամեն ինչ պարզ կլինի, կոնկրետ միջոցառումներ մարզպետի կամ ՀՀԿ-ի կողմից չենք նախատեսել:

Մանրամասները՝ թերթի համարում: