«168 ժամ» թերթը գրում է.

«Ոչ իշխանական ուժերի քառյակն այս տարվա հունիսին հրապարակելով այդ 12 պահանջները՝ դրանք կատարելու համար վերջնաժամկետ էր սահմանել սեպտեմբերի 30-ը՝ այդպես էլ չնշելով, թե ինչ է պատրաստվում անել, եթե կառավարությունը չկատարի դրանք: Եվ ահա երեկ կառավարությունը երկարաշունչ հրապարակմամբ պատասխանել է՝ ոչ մի պահանջ էլ չի կատարելու, եթե դրանք չեն բխում կառավարության ծրագրից:

Կառավարության պատասխանն ընդամենը այն բանի ֆորմալ արձանագրումն է, ինչն առանց այն էլ պարզ էր նույն հունիս ամսին:

Տրամաբանությունը հուշում է, որ քառյակն ի սկզբանե պետք է հայտարարեր, որ իր ներկայացրած պահանջների չկատարման դեպքում պահանջելու է նախագահ Սերժ Սարգսյանի կամ առնվազն կառավարության ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը:

Բայց քառյակը/եռյակը մինչև այսօր նման պահանջներ չի բարձրացնում, և քիչ հավանական է, որ կբարձրացնի հոկտեմբերի 10-ի հանրահավաքում: Այսպիսով՝ Հովիկ Աբրահամյանը կառավարության պատասխանով քառյակին դնում է երկընտրանքի առաջ՝ կամ հրաժարականի պահանջներ ներկայացնել, կամ դադարեցնել քառյակի ձևաչափն ընդհանրապես:

Հիմա կամ քառյակը պետք է պայքարի իր հաղթանակի, այսինքն՝ այս կառավարության դեմ, կամ պահանջի Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակած Սերժ Սարգսյանի հրաժարականը: Քառյակի ուժերից առնվազն երկուսը՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», նման խնդիր չունեն: Սակայն նրանց խնդիրն այն է, որ առանց ԲՀԿ-ի, որը նաև իրենց թեթև ձեռքով դարձել է ոչ իշխանականների դոմինանտ ուժը, նրանք այլևս ի վիճակի չեն հրաժարականների պահանջ ներկայացնել:

Իսկ ԲՀԿ-ն առայժմ սահմանափակվում է միայն համակարգային փոփոխությունների պահանջով: Այնպես որ, բացառված չէ, որ համակարգային փոփոխությունների շրջանակում ԲՀԿ-ն ՀԱԿ-ից ու «Ժառանգությունից» պահանջի հրաժարվել հրաժարականի պահանջից կամ դուրս գալ քառյակ/եռյակ ձևաչափից: Ի վերջո, դա ևս կլինի համակարգային փոփոխություն, քանի որ ներկայումս հենց այդ ձևաչափն է կազմում քաղաքական համակարգ կոչվածի առանցքներից մեկը»։

Մանրամասները՝ թերթի համարում: