Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է, որպեսզի օտարերկրյա պետությունում քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակում գտնվող պետությունից ՀՀ վերադարձող ֆիզիկական անձը հնարավորություն ստանա առանց մաքսատուրքի վճարման անձնական օգտագործման գույքը երկու տարվա ընթացքում ներմուծել Հայաստան:

Նիստում հավանություն է տրվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» և ևս երեք օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով կանոնակարգվում է Հայաստան մուտք գործող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով չմասնատվող բեռ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների աշխատանքը և դրանց վերահսկողությունը: Հարցի քննարկման ընթացքում խնդրահարույց է եղել նման բեռի տեղափոխման համար մեկ տոննային 10 հազար դրամ պետտուրք սահմանելու մտադրությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է մեկ անգամ ևս քննարկել հարցը, ուսումնասիրել տուրքի սահմանման միջազգային փորձը և դրանից հետո միայն փաստաթուղթը ներկայացնել Ազգային ժողով:

Գործադրի հավանությանն է արժանացել «Արխիվային գործի մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունմամբ կապահովվեն երկրում միջազգային չափորոշիչներին համարժեք էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացումը և հետագա պահպանությունն ու օգտագործումը:

Նիստում քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի լրամշակված տարբերակը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են օրենքի մի շարք դրույթներ համապատասխանեցնել ՀՀ սահմանադրության պահանջներին: Կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Կառավարությունը քննարկել է «Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Օրինագծով սահմանվում է «սահմանապահ համայնք» հասկացությունը, մի շարք արտոնություններ են նախատեսվում այդ համայնքների բնակիչների համար: Իր եզրակացության տեքստում գործադիրը ողջունում է նախաձեռնության հեղինակի նպատակադրումը և նշում, որ ՀՀ վարչապետի 2014թ. սեպտեմբերի 3-ի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի առաջարկությունների հիման վրա կձևավորվի արտոնություն սահմանող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որով խնդիրը համապարփակ և ամբողջական լուծում կստանա:

Կառավարությունը նախագծի հեղինակին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից և համագործակցել ՀՀ կառավարության հետ` Ազգային ժողովի քննարկմանը միասնական և ամբողջական նախագծերի փաթեթ ներկայացնելու համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ կառավարության նախաձեռնած այս օրինագիծը, որն ուղղված է սահմանամերձ համայնքների բնակչության աջակցությանը, պետք է համալրվի ԱԺ պատգամավորների ողջամիտ առաջարկություններով և ծառայի իր նպատակին:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: