«Հայաստանի անդամակցության հարցը Եվրասիական տնտեսական միությանն արդեն քաղաքական առումով որոշված է և մնում է կողմերի հետ համաձայնության գալ որոշ տեխնիկական հարցերի շուրջ, ինչը ժամանակի խնդիր է»,- այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց բելառուսցի փորձագետ, «Ցիտադել» վերլուծական նախագծի ղեկավար Ալեքսանդր Շպակովսկին:

Հոկտեմբերի 10-ին ԵՏՄ անդամակցելու մասին փաստաթղթի ստորագրության մասին բանախոսը նշել է. «Եթե նշված տեխնիկական հարցերում համաձայնություն չլինի, շատ հնարավոր է, որ հետաձգվի փաստաթղթի ստորագրումը, բայց դա լուրջ նշանակություն չի կարող ունենալ և մոտ ապագայում ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել բոլոր այն դրական ազդեցություններից, ինչ նախատեսում է ԵՏՄ-ն»:

«Ինձ թվում է Հայաստանը կանդամագրվի ԵՏՄ-ին, իսկ ձգձգումը տեխնիկական խնդիր է, ոչ մի լուրջ պատճառ չկա: Ներկա դրությամբ, եթե հանդիպումը կայանա, կարծում եմ, որ այդ փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի» հայտարարեց Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Սիտինը: