Օրերս լրատվամիջոցներում հայտնվեցին սկանդալային նորություններ «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության սնանկացման մասին: «Կային խնդիրներ վճարումների հետ, որոնք կապված էին Ռուսաստանի դեմ կիրառվող եվրոպական սանկցիաների հետ, որոշ ռուսական բանկեր գտնվում են այդ սանկցիաների ներքո, դրա պատճառով հնարավոր չէր վճարում կատարել: Սեպտեմբերի 8-ին մենք դիմել ենք «Ռոսգոս» կորպորացիա ընկերությանը տրամադրել այլ հաշվեհամար, որով կկարողանանք վճարել: Այժմ մեր պարտքը, որը կազմում է 405.976 ԱՄՆ դոլլար՝ պարտավոր ենք վճարել ռուսական «ՎՏԲ» (ВТБ) բանկին ԱՄՆ դոլլարի փոխարեն ռուսական ռուբլով,  որը չի գտնվում պատժամիջոցի տակ»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնեց «Air Armenia» ավիաընկերության գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը:

Ընկերության տնօրենը հարց բարձրացրեց նաև, թե ինչու է դա հրապարակվել և սենսացիա առաջացրել լրատվամիջոցներում՝ «Ռոսգոս» կորպորացիա ընկերության կողմից: «Երկար տարիներ աշխատել ենք միասին, նման դեպքեր եղել են, սակայն սա չի դարձել հրապարակման առիթ: Այս անգամ «Ռոսգոս» կորպորացիա ընկերությունը իր կայքում գրել է, որ Air Armenia ընկերությունը սեպտեմբերի 21-ից կդադարի թռիչքուղին»,- ասաց ընկերության տնօրենը:

Այս իրադարձությունը ղեկավարը կապում է մրցակից ընկերությունների հետ, որոնք նրա խոսքով դեմ չէին լինի ընկերության գործունեության դադարեցմանը:

«Ամեն դեպքում այստեղ ոչ մի սենսացիոն բան չկա ընկերությունը շարունակում է գործունեությունը, խնդիրը ֆինանսական-տեխնիկական է, որը կլուծվի մի քանի օրից», ավելացրեց տնօրենը և կոչ արեց ուղևորներին ավելի «թասիբով» օգտվել ավիաընկերությունից:

Մանրամասները տեսանյութում՝