Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրները Եվրասիական տնտեսական միության օրակարգում չկան: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Վերջինիս խոսքով՝ ակնհայտ է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև սահմանային ռեժիմի փոփոխության համար հիմքեր չկան: 

«Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղը առանձին պետություններն են, մեկը ճանաչված է, մյուսը՝ ոչ: Ակնհայտ է նաեւ այն, որ նրանց միջեւ ամենատարբեր ոլորտներում ամենասերտ կապեր գոյություն ունեն: Սակայն դա ոչ մի կերպ չի կարող խանգարել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը»,-նկատեց Մինասյանը: