«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Օգոստոսի 29-ի գիշերը Խանջյան-Թումանյան փողոցի խաչմերուկում ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արսեն Ավագյանը, ով առավել հայտնի է Տուգո անվանմամբ, կրակել է 51-ամյա Սուրեն Իսահակյանի ուղղությամբ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք համատեղ բիզնես են ունեցել, որի հետևանքով պարտք ու պահանջի հարց է ծագել՝ հանգեցնելով զենքի գործադրման:

Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ կրակոցները հնչել էին ժամը 20.20-ին: Ծնկի շրջանում հրազենային վնասվածք ստացած Սուրեն Իսահակյանը տեղափոխվել էր Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ ասել էր, որ Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում պատահական ավտոմեքենայից կրակել են իր ոտքին: Ավելի ուշ պարզվել էր, որ Սուրենին իր՝ «Բերետա BER-237755» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակել էր 53-ամյա Արսեն Ավագյանը: Կրակոցների հեղինակ Արսեն Ավագյանը եղել Է ԲՀԿ նախկին պատգամավոր, ինչպես նաև հանդիսանում Է «Աստաֆյան» զվարճանքների կենտրոն ՓԲԸ-ի նախագահ: Նշենք, որ մինչ ՓԲԸ-ի նախագահ լինելը, Արսեն Ավագյանը «Աստաֆյան» կոոպերատիվում աշխատել էր որպես առաքիչ և միայն 2007թ. էր կարողացել լիարժեք տիրանալ նույն այդ «Աստաֆյան» ՓԲԸ-ին՝ ընտրվելով ընկերության նախագահ։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արսեն Ավագյանը՝ Տուգոն, 51-ամյա Սուրեն Իսահակյանի հետ համատեղ բիզնես ունի: Եվ, ամենայն հավանականությամբ, նրանց միջև առաջացած պարտք ու պահանջի խնդիրներն են հանգեցրել կրակոցների: Իսկ թե կոնկրետ ինչու է նախկին պատգամավորը կրակել իր բիզնես գործընկերոջը, դեռևս անհասկանալի է մնում: Իսկ թե ինչ ճակատագիր է սպասվում Արսեն Ավագյանին, դեռ վաղ է ասել: Կհաջողվի՞ նրան այս պատմությունից չոր դուրս գալ, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, արձանագրենք, որ նախկին պատգամավորը ձերբակալված է: Կատարվում է քննություն»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: