Պատժամիջոցները հավերժ չեն, և Ռուսաստանյան շուկայում հիմնական տեղն ապահովելու համար պետք է ունենալ որակով ու գնով մրցունակ ապրանք, իր խոսքի մեջ շեշտել է Ռոբերտ Քոչարյանը «Ноев Ковчег» թերթին տված հարցազրույցի ժամանակ: «Դժվար է գնահատել այս խնդիրը լուծելու համար ինչ ծավալի նոր ներդրումների կարիք ունի մեր գյուղատնտեսությունը, ինչքան նոր խաղացողներ ամբողջ աշխարհից կշտապեն դեպի ռուսական շուկա և որքան երկար կտևի այս պատմությունը»: 

Գլխավոր գործոնը այս պարագայում, ըստ Ռ. Քոչարյանի, պիտի լինի ապրանքի ճանաչելիությանը հասնել և սպառողների համակրանքը ձեռք բերել՝ շուկայի մի հատվածը գրավելու համար: 

«Իսկ ընդհանրապես մեծ մոլորություն է կարծել, թե Հայաստանի տնտեսությունը պատժամիջոցներից կարող է շահել: Հիշում եմ, որ մեր գործիչներից մեկը 2008 թվականի ամռանը դեմքի խիստ ակադեմիական արտահայտությամբ խոսում էր այն մասին, թե Հայաստանի տնտեսությունը շահելու է համաշխարհային ճգնաժամից: Իսկ արդյունքում մենք դարձանք անկման չեմպիոններ և մինչ օրս չենք վերականգնել տնտեսության ծավալների նախաճգնաժամային մակարդակը»,- հավելեց Ռ. Քոչարյանը :