Այսօր Ազգային Ժողովում ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է Սահմանադրական դատարան դիմելու հարցը «կուտակայինի» նոր օրենքի՝ հակասահմանադրական ճանաչման պահանջով: Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Աշխատանքային հանդիպում էր, և հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն երկկողմանի ֆորմատով: Սահմանադրական դատարան դիմելու հարցով համապատասխան դիմում ենք պատրաստում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Այս հարցի կապակցությամբ նշենք նաև, որ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նույն կազմի հետ՝ Արտակ Զեյնալյան, Մերի Խաչատրյան, նախապատրաստում է ՍԴ դիմելու հայց և, ըստ շրջանառվող տեղեկությունների, Քառյակի ոչ բոլոր ուժերն են հակված միանալ հայցին:

Խմբակցության ղեկավարը նույնպես հաստատեց, որ Քառյակի երկու ուժերը՝ «Ժառանգությունը» և «Հայ ազգային կոնգրեսը», նպատակահարմար չեն գտնում Սահմանադրական դատարան դիմելը և ավելացրեց. «Մենք այն տեսակետին ենք, որ ՍԴ-ի միջոցով կարող ենք հասնել այս նոր օրենքը հակասահմանադրական ճանաչելուն: Հակված ենք՝ ԲՀԿ-ի հետ դիմել Սահմանադրական դատարան, և մեզ համար կարևոր էր, որ առաջին հերթին հենց իրենց հետ հանդիպեինք»։

Արմեն Ռուստամյանը հանդիպման վերաբերյալ նշեց նաև, որ քննարկման ժամանակ անդրադարձ չի եղել Քառյակի 12 պահանջների կատարման ընթացքին և սեպտեմբերի 30-ին իրենց խոստացած հանրահավաքին վերաբերող հարցերին: