ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ռազմաուսումնական հաստատությունների 2014 թվականի շրջանավարտների ավարտական միջոցառման առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է արարողության մասնակիցներին, շնորհավորել ռազմական ինստիտուտի 20-ամյա հոբելյանի և ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտած շրջանավարտներին՝ սպայական առաջին կոչումներն ստանալու կապակցությամբ, մաղթել նրանց հաջողություններ և բարի երթ դեպի հայկական փառապանծ զինված ուժերի շարքերը:

Նախագահը լավագույն շրջանավարտներին անձամբ է հանձնել սպայական վկայականները և պարգևատրել անվանական դաշույններով: Պատվո պահակախմբի ցուցադրական շարանցումից հետո, միջոցառման առիթով Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան և ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ: