Շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի 2013թ.-ի հոկտեմբերին տեղի ունեցած ավտովթարի գործը: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացող դատին չներկայացան տուժողներն ու տուժողների ներկայացուցիչները: 

Նիստի ընթացքում Վ. Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ տուժող կողմի փաստաբանը նախորդ նիստի ժամանակ անպատվել է իր պաշտպանին ու ստեղծել կոնֆլիկտային իրավիճակ, որի մեջ ներքաշել է նաև Հակոբյանների ընտանիքին: Դերասանը մասնավորապես ասաց.

«Այս քայլը ես դիտարկում եմ որպես սադրիչ գործողություն, որն իր առջև մեկ նպատակ է դրել՝ ամեն ինչ անել խափանելու համար այն քայլերը, որոնք ուղղված են հաշտության եզրեր գտնելու համար՝ անպատվելով և իրավական փոխհարաբերությունները իջեցնելով փողոցային փոխհարաբերությունների, ստեղծելով կոնֆլիկտային վիճակ: Ես հրաժարվում եմ դատարանում իրավական հարաբերությունները փողոցային հարաբերությունների իջեցնող մասնագետի հարցերին պատասխանել, նրան չեմ ճանաչում որպես իրավաբան-փաստաբան և այսուհետ հրաժարվում եմ դեպի ինձ հասցեագրված նրա հարցերին պատասխանելուց»:

Դատարանում ցուցմունք տվող երկու վկաներից մեկը ասաց. «Գնացինք Վարդան Պետրոսյանն ասաց՝ «Ես Վարդան Պետրոսյանն եմ, շա՞տ ա բան եղել»: Ասեցի՝ հա, ահագին բան ա եղել, ու ինքը գլուխը գցեց: Ես իմացա, թե մահացել է, բայց հետո տեսա, որ չի մահացել»: Իսկ այն հարցին, թե արդյոք ալկոհոլի հոտ առել է Վ. Պետրոսյանի վրայից վկան տվեց բացասական պատասխան: 

Նշենք նաև, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նույնպես ներկա էր նիստին՝ Վ. Պետրոսյանին սատարելու համար: