Շանթ Հարությունյանի կազմակերպած բողոքի ակցիան ցրելուն մասնակցել են նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններ, խոստովանել է նոյեմբերի 5-ի գործով տուժող ճանաչված, ավագ ոստիկան Հենրիկ Լոնսկին: Այս մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ հուլիսի 23-ին, հայտարարել է ոստիկանը։

Պաշտպանական կողմի փաստաբան Արա Զաքարյանի հարցին թե արդյոք վկան դեպքի օրը տեսել է որևէ քաղաքացիական հագուստով ոստիկանի, տուժողը պատասխանեց՝ այո, միևնույն ժամանակ նշելով, որ չի ճանաչում այդ քաղաքացիական հագուստով ոստիկանին: Իսկ պաշտպանին հետաքրքրեց՝ այդ դեպքում ինչից իմացավ, որ քաղաքացիական հագուստովը ոստիկան է եղել, տուժողը պատասխանեց. «Խմբի մեջից մեկը գոռաց՝ ոստիկան է, խփի: Ես էլ դա լսել եմ, բայց թե ով էր գոռացողը՝ չեմ տեսել»:

Իսկ Ալեք Պողոսյանի այն հարցը՝ արդյոք ավագ ոստիկանն իրեն համարում է տուժող թե ոչ, դատավորը հանեց: 

Տուժող ոստիկանը նաև նշեց, որ ինքը չի տեսել՝ ինչպես է ոստիկան Գեղամ Խաչատրյանը հրել, հանել Շանթ Հարությունյանին փողոցի երթևեկելի մասից, միայն տեսել է, որ նա Շանթ Հարությունյանի ձեռքից բռնել է:

Հիշեցնենք նաև, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին և նրա որդուն։