Համշենահայերենով խոսում են ոչ բոլոր համշենցիները Թուրքիայում. բուն Համշենում լեզուն մոռացության է մատնվել: Համշենահայերենով հաղորդակցվում են հատկապես Հոպա և Բորչկա գավառներում: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեցին Թուրքիայից նոր ժամանած 2 համշենահայ՝ Ասլան Ջանջըը և Ռեմզի Գեդիքը, ինչպես նաև ասուլիսին ներկա էր թուրքագետ Մելինե Անումյանը:

Խոսելով իրենց Հայաստան այցի նպատակի, ինչպես նաև համշենահայության հուզող հարցերի ու խնդիրների մասին Ասլան Ջանջըն ասաց, որ համշենահայերը Թուրքիայում հիմնականում զբաղվում են թեյի մշակմամբ, տրանսպորտի ոլորտում, ինչպես նաև առևտրով ու անասնապահությամբ, որի ծավալները սակայն վերջին տարիներին մի փոքր նվազել են:
Ռեմզին իր խոսքում նշեց, որ համշենահայերը բնակվում էին լեռներում և այդ ժամանակ զբաղվում էին հիմնականում անասնապահությամբ: 1980-ական թթ.-ից հետո, երբ նեոլիբերալիզմը տարածվեց Թուրքիայում, կյանքը բարդացավ և հոսք սկսվեց գյուղերից քաղաք:
Հնչած հարցին թե ի՞նչ քարոզչական տեխնոլոգիա է Թուրքիան կիրառում համշենահայերի նկատմամբ, որ հայ լինելու գաղափարախոսությունը իրենց միջից հանվում է Ջանջը պատասխանեց. «Ցեղասպանությունից մինչ այժմ քեմալիստական վարչակարգի շնորհիվ նմանատիպ քաղաքականություն է վարում, այսինքն՝ ինքնությունները մոռացման ենթարկելու քաղաքականություն ոչ միայն համշենահայերի, այլև ասորիների, հույների և Թորքիայում ապրող մյուս փոքրամասնությունների, իսլամացած հայերի և ընդհանրապես հայերի նկատմամբ: Բնական է, որ այդ քաղաքականության հետևանքները նկատելի չլինեին նաև համշենահայերի մեջ»: