Այսօր՝ հուլիսի 18-ի մամուլի ասուլիսին, Հայաստանում Իրանի իսլամական հանրապետութան արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ռեիսին հայտարարել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում արտասահմանյան խաղաղապահ ուժերի տեղակայմանը:

Մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղաբաշխման հնարավորությունը՝ իրանացի դիվանագետը հայտարարեց, որ պաշտոնական Թեհրանը նմանատիպ նախաձեռնությանը դեմ է: Նրա խոսքով՝ հարցի լուծումը կախված է Հայաստանից, Ադրբեջանից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբից: «Սակայն ես վստահ եմ, որ օտար ուժերի տեղակայումը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: Վառ օրինակ են Իրաքն ու Աֆղանստանը», - հայտարարեց դեսպանը:

Դեսպանը նաև ընդգծեց, որ Իրանը դեմ է տարածաշրջանում ցանկացած բռնության: Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը կողմ է հանդես գալիս և ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է համարում: