Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ հունիսի 11-12-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի` «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով միջազգային խորհրդակցության ավարտին ընդունվեց հայտարարություն, որում ասվում է.

«Հունիսի 11-12-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հետ համագործակցաբար Էջմիածնում կազմակերպված խորհրդակցության շրջանակներում հավաքվել էին Սիրիայի, Մերձավոր Արևելքի Եկեղեցիների խորհրդի, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Վատիկանի ներկայացուցիչները եւ հոգեւոր առաջնորդները` քննարկելու Սիրիայում շարունակվող ճգնաժամի պայմաններում հավատքի համայնքներին սպառնացող մարտահրավերները:     Մենք հավաքվեցինք հայերի և ասորիների ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին և աղոթեցինք արդարության և խաղաղության համար: Մենք այցելեցինք Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հիշեցինք բոլոր նրանց, որոնք իրենց կյանքով վճարեցին հավատքի և ազգային պատկանելության համար:Այս հավաքը համընկավ նաև Հոգեգալստյան տոնին, երբ Սուրբ Հոգին իջավ` միաբանելու բոլոր լեզուներով խոսող հավատացյալներին: Սուրբ Հոգին մեզ մղում է հավատալու, որ միայն մարդկային ջանքերով հնարավոր չէ ձեռք բերել խաղաղություն ու արդարություն բոլոր ժողովուրդների համար:     Դիակոնիկ և մարդասիրական օժանդակությամբ եկեղեցիները շարունակում են Սիրիայի ժողովուրդների հանդեպ Քրիստոսի տածած անվերապահ սիրո վկան լինել: Կարևոր է, որ եկեղեցիները շարունակեն այն մարդկանց կողքին լինել, որոնք ապաստանել են հարևան երկրներում: Ուստի, մենք խրախուսում ենք համագործակցությունը տարբեր եկեղեցիների և եկեղեցական կառույցների միջև Սիրիայում և միջազգային շրջանակներում: Այն եկեղեցիներին, որոնք հաշտեցման ուղին են բռնել, մենք կոչ ենք անում շարունակել կամուրջներ կառուցել՝ զարգացնելով երկխոսությունը մուսուլման եղբայրների և քույրերի հետ:      Մենք երախտապարտ ենք Հայ Առաքելական Եկեղեցուն և Հայաստանի կառավարությանը` իրենց երկրում ավելի քան 12.000 սիրիացի փախստականներ ընդունելու համար:     Սիրիայի խնդրին նվիրված միջազգային և էկումենիկ խորհրդակցության ժամանակ, որը կազմակերպվել էր Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կողմից 2014 թ-ի հունվարին, մենք արտահայտեցինք մեր մտահոգությունը Սիրիայում ծայրահեղ բռնության և մարդկային աղետի պատճառով տուժած մարդկանց նկատմամբ և հստակորեն շարադրեցինք մեր խորը համոզմունքը, որ այդ երկրի ճգնաժամին չպետք է տրվի ռազմական լուծում: Մոտ չորս ամիս է անցել Ժնև 2 խաղաղարական գործընթացի ձախողումից: Մեծ ցավով ենք դիտարկում իրավիճակի վատթարացումը: Մեզ համար նողկալի է տների, դպրոցների, հիվանդանոցների և աղոթատեղիների մասսայական և համատարած ոչնչացումը: Պատերազմի ներթափանցմամբ հարևան Իրաք մենք ականատեսն ենք լինում տագնապալի և վտանգավոր զարգացումների: Հետևաբար, խիստ անհրաժեշտ ենք համարում կրկին կոչ անել հակամարտության բոլոր կողմերին՝ հետամուտ լինել զինված հակամարտության և թշնամության անհապաղ դադարեցմանը Սիրիայում և Իրաքում:      Մենք կոչ ենք անում հանել մարդասիրական նպատակներով դեպի Սիրիա փոխանցվող դրամական փոխանցումների սահմանափակումները, ինչպես նաև հումանիտար օգնության արգելափակումը, դադարեցնել զենքի հոսքը, հակամարտության բոլոր կողմերի ֆինանսավորումը և դուրս բերել բոլոր օտար զինյալներին: Մենք պահանջում ենք անմիջապես ազատ արձակել Հալեպի երկու արքեպիսկոպոսներին՝ Հալեպի և Ալեքսանդրետայի Հույն Ուղղափառ Մետրոպոլիտ Նորին Սրբազնություն Բուլոսին և Հալեպի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Մետրոպոլիտ Նորին Սրբազնություն Մոր Յուհաննա Գրեգորիոսին, ինչպես նաև Հայր Պաոլո Դալ’Օլիոյին, բոլոր գերիներին և անարդարացիորեն բանտարկվածներին:      Այս պայմաններն են ձևավորում մեր մտադրություններն ու հույսերը մեծ էկումենիկ ընտանիքում եկեղեցիների եղբայրության ճանապարհին՝ հավատացյալ բոլոր ժողովուրդներին խաղաղություն և արդարություն բերելու նպատակին ընդառաջ:      «Երանի՜ խաղաղարարներին» (Մաթ. 5:9)»: