«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Սմբատյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» անսպասելի ձևով տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ:

Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սմբատյանի մայրը՝ Ռոզա Սարդարյանը:

Վերջինս մեզ հայտնեց, որ անսպասելի մտել և ասել են, որ դուրս գա:

«Որդիս ասել է` գոնե շորերը հագնի հետո, բայց չեն թողել: Ասել են ոչինչ էդ ձևով արի: Հետո, առանց բացատրություն տալու, առանց ինչ-որ պարզաբանման տեղափոխել են Վանաձոր: Այս պահին նրա առողջական վիճակը շատ վատ է: Այսօր էլ իմացանք, որ բժիշկները զննել են ու շտապ տեղափոխել են քաղաքային հիվանդանոց»,-իր խոսքում ասաց Ռոզա Սարդարյանը:

Դատապարտյալի մոր փոխանցմամբ, որդին ոտքերը մեխել է և հրաժարվել է բուժօգնությունից: 

ՔԿՀ պետը դիմել է վարչություն, որպեսզի դատապարտյալին կրկին տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն մերժել են` ասելով. «Դուք ձեր մոտ մի ձև բուժեք»:

Ավելի վաղ YerevanNews.am-ը գրել էր, որ դատապատյալն ունի հոգեկան և այլ առողջական խնդիրներ և պարտավոր է գտնվել բժիշկների հսկողության տակ: Սակայն «Վանաձոր» ՔԿՀ-ն չունի համապատասխան բուժանձնակազմ և դատապարտյալին չեն կարողանում համապատասխան օգնություն ցուցաբերել: Դատապարտյալի բազմաթիվ դիմում-նամակներից հետո նրան տեղափոխեցին «Նուբարաշեն» ՔԿՀ:

Հիշեցնենք, որ դատապարտյալը բազմիցս «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Հովիկ Հակոբջանյանի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հանցագործությունների վերաբերյալ ՀՔԾ-ում ցուցմունք-հաղորդում է տվել: Սմբատյանի հարազատների համոզմամբ` նրա նկատմամբ ճնշումները հենց այս փաստի հետ են կապված: