Ապրիլի 24-ի առավոտյան, Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս- Անջելես քաղաքում մահացել է ԽՍՀՄ ժող. արտիստ, մեծանուն հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը: Նշենք, որ հուլիսի 29-ին Կոնստանտին Օրբելյանը կդառնար 86 տարեկան: Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը ցավակցում է Օրբելյանի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին…

Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928թ. հուլիսի 29-ին, Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Երաժշտական ունակությունները ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում: Վաղ տարիքից սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցում: Ծնողները դարձել են ստալինյան բռնությունների զոհ, որի պատճառով նրան հեռացրել են դպրոցից և եղբայրների հետ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը: 1942թ. աշխատել է ավիացիոն կորպուսի ջազային խմբում` որպես դաշնակահար և ակարդիոնահար: Որոշ ժամանակ անց, ռազմական օրկեստրի հետ, համերգներով հադես է եկել Երևանում, ապա` Հայաստանի էստրադային նվագախմբում: 1945-ից նվագախմբի համար վերամշակել է ժողովրդական երգեր, ինչպես նաև ստեղծել է նոր մեղեդիներ: Առաջին գործերից է «Օրորոցայինը»: 1952թ. ընդունվել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, որից հետո` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1955թ. գրել է «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը: 1956թ-ից եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը: 1957թ. դարձել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ: 1962թ. Մոսկվայում անցկացվող ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորներ մրցույթի հաղթող է ճանաչվել: 1969թ. գրել է «Անմահություն» բալետը: 36 տարի գլխավորել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Նրա հայտնի երգերը բազմաթիվ կատարողների ներկայացմամբ արժանացել են մի շարք մրցանակների` «Երգել, նշանակում է ապրել», «100 երջանիկ ժամեր», «Շնորհակալություն կյանքին», «Սերը չի ծերանում», «Դու այն չէս, ով պետք է ինձ», «Հիշեք» և այլն: 1974թ. արժանացել է ՀԽՍՀ, 1979թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1992թ. մեկնել է ԱՄՆ և բնակություն հաստատել Սան-Ֆրանցիսկոյում: 2012թ. պարգևատրվել է ՀՀ Պատվո շքանշանով:

Հայաստանի կոմպոզիտորների միություն