ՀՅԴ Հայաստանի 18-րդ Գերագույն ժողովը, հանգամանորեն քննարկելով ՀՅԴ Հայաստանի կազմակերպության երկամյա գործունեությունը, երկրում ընթացող քաղաքական, հասարակական, տնտեսական զարգացումները, կատարեց իրավիճակի ախտաճանաչում եւ համախոհության մթնոլորտում նախանշեց կուսակցության առաջիկա ուղենիշներն ու անելիքները: Այդ մասին ասվում է ԳԺ հայտարարության մեջ:

«Ժողովն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին, տարածաշրջանային խնդիրներին, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական բարդագույն իրավիճակին, իշխանությունների անհեռատես քաղաքականությանը` ընդգծելով կառավարման ներկայիս արատավոր համակարգը հիմնովին բարեփոխելու անհրաժեշտությունը:

Ժողովն արձանագրեց, որ կուսակցության` համակարգային փոփոխություններ երաշխավորող քաղաքական, տնտեսական առաջարկությունների փաթեթը շարունակելու է մնալ իշխանությունների եւ քաղաքական ուժերի հետ ՀՅԴ հարաբերությունների առանցքում:

Շեշտվեց, որ Գերագույն մարմինը պետք է առավելագույնն անի որակական փոփոխություններով ազգային պետություն ստեղծելու, արդյունավետ կառավարում ապահովելու նպատակների շուրջ քաղաքական ու քաղաքացիական լայն համախմբում ձեւավորելու համար: Ժողովը կուսակցության շարքերը երիտասարդացնելու, ժամանակակից արդյունավետ մեթոդներով գործելու, ժողովրդային լայն շրջանակներին բացվելու, անկախության սերնդի մոտ ազգային մտածողություն արմատավորելու խնդիր առաջադրեց: Վերահաստատվեց երկրում համակարգային, ամբողջական իշխանափոխություն իրագործելու Դաշնակցության դիրքորոշումը: Կուսակցությունը շարունակում է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում` փաստարկված քննադատությունը զուգակցելով այլընտրանքային, զարգացման ծրագրերի ներկայացմամբ:

Արդարության հաստատումը, ՀՀ քաղաքացիների ազատ, արժանապատիվ կյանքի երաշխավորումը, ինքնիշխանության սահմանափակումներ թույլ չտալը, աղետալի արտագաղթի կասեցումը, աղքատության նվազեցումը, Արցախի հիմնահարցի արդարացի կարգավորումը, Հայ դատի եւ ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը շարունակելու են մնալ կուսակցության գործունեության գերակա ուղղությունները:

Ելնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակից` ժողովը վերահաստատեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ապրիլի 17-ի հայտարարության հիմնական դրույթները»,- նշվում է հայտարարության մեջ: