Հարցազրույց Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնի դասախոս Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

- Վերջերս Ռուսաստանի Դաշնությունում կայացած միջազգային մրցույթում Դուք հաղթող եք ճանաչվել: Խնդրում եմ մի փոքր մանրամասնել:

-Հետաքրքրված լինելով հայաստանյան և միջազգային տարբեր գիտաժողովներին և մրցույթներին մասնակցելով` 2013թ. հոկտեմբերի 2-ին http://lomonosov-msu.ru/ կայքից տեղեկացել եմ, որ Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասի կրթության ու գիտության նախարարությունը և ՌԴ Երրորդ արբիտրաժային վերաքննիչ դատարանն անց են կացնում երիտասարդ իրավաբան-գիտնականների «Իրավաբանական IQ» երկրորդ միջազգային մրցույթը, որին գիտական աշխատանքներ ներկայացնելու վերջնաժամկետին մնացել է ընդամենը 1 օր: Մրցույթի մասին տեղեկանալու օրն էլ մրցույթի կազմկոմիտեին եմ ուղարկել իմ երկու գիտական աշխատանքները, որոնցից մեկը բարձր է գնահատվել ժյուրիի կողմից և ճանաչվել հաղթող` արժանանալով շնորհակալական նամակի և մրցույթը մարմնավորող խորհրդանիշի: Աշխատանքը վերնագրված է այսպես` «ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի լեգիտիմությունը»: Այնքանով, որքանով հիշյալ աշխատանքը հաղթող է ճանաչվել Մրցույթում, կարելի է ասել, որ Ռուսաստանի Դաշնության վերոհիշյալ մարմինները, կարևորելով այդտեղ արտահայտված մտքերը, ճանաչել են ԼՂՀ ինքնորոշման իրավունքը:

Մրցույթի արդյունքներն ամփոփվել են դեկտեմբերի 3-ին. այդ օրը Ռուսաստանում նշվում է որպես իրավաբանի օր: Ի դեպ, ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախում չի նշվում իրավաբանի օրը, իսկ նման իրադարձություններն իրավաբանի օրը երկու հայկական հանրապետություններում նշելու մտորումների առիթ է տալիս:

Հատկանշական է, որ այդ մրցույթի 58 մասնակիցների գերակշիռ մասը Ռուսաստանի Դաշնությունից և Բելոռուսից էին, և ընդամենը 1 մասնակից ուներ ԼՂՀ-ն: Մրցույթին ներկայացված էին թվով 70 գիտական աշխատանքներ 40 համալսարաններից, որոնց թվում են այնպիսի հեղինակավոր բուհեր, ինչպիսիք են Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը, Օ.Ե.Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանը, ՌԴ Նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիան, ՌԴ արդարադատության նախարարության իրավական ակադեմիան, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության ակադեմիան, Բելոռուսի Հանրապետության Նախագահին առընթեր կառավարման ակադեմիան և այլն:

- Իսկ ի՞նչ աշխատանքներ եք ներկայացրել մրցույթին:

Մրցույթին ներկայացրել եմ 2 գիտական աշխատանք` «ԼՂՀ Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները», որն իմ ատենախոսության պարագրաֆներից մեկն է, և «ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի լեգիտիմությունը»: Վերջինիս մասին խոսելը կենսական անհրաժեշտություն է, քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անկախության իր ուղին հարթել է` իրացնելով միջազգային կարևորագույն սկզբունքներից մեկը` ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: ԼՂՀ-ի օրինակով այդ սկզբունքի իրացման ու պետության հետագա զարգացման որոշ նրբությունների մասին հաճախ ոչ միանշանակ պատկերացում ունեն Արցախի ու Հայաստանի սահմաններից դուրս, այդ իսկ նպատակով 2 աշխատանքներն էլ նվիրել եմ Արցախի ժողովրդաիրավական կյանքի տարբեր կողմերին` հույս ունենալով այդ իրադարձություններին որոշ չափով հաղորդակից երիտասարդ մասնագետի վերլուծությունը ներկայացնել օտարազգի մասնագետների ու ընթերցողների դատին, որը պայմանավորված է մերօրյա իրողություններում մեր հարևանների կողմից համատարած սփռվող ստին ճշմարտությամբ ինչ-որ չափով դիմակայելու անհրաժեշտությամբ:

- Ի՞նչ անելիքներ եք նախանշել ապագայում և ինչպիս՞ն են լինելու Ձեր հետագա քայլերը:

Գիտությամբ հետաքրքվող ու զբաղվող մարդու համար միշտ էլ կարևոր է տարբեր գիտական միջոցառումներին մասնակցելը: Այս առումով անպայմանորեն կշարունակեմ իմ մասնակցությունն ապահովել հայկական ու միջազգային միջոցառումներին, որը հնարավորություն կտա ինքնազարգանալու և՛ մասնագիտական, և՛ օտար լեզուների իմացությունը կատարելագործելու առումներով: Այս համատեքստում Արցախի գիտական միտքը միջազգային հանրությանը ներկայացնելու հրամայական կա: Այսքանը, թերևս, իմ անելիքների մի մասով, սակայն գիտությունը չի սկսվում ու չի ավարտվում մեկ անձով: Կարող եմ մեկ օրինակ բերել. հիշյալ Մրցույթի կազմկոմիտեից մասնակցության հրավեր եմ ստացել, որն անպայմանորեն պետք է տարածեմ նաև Արցախի պետական համալսարանում` այս տարի մասնակիցների թիվն Արցախից ավելացնելու նպատակով: Կան նաև այլ ծրագրեր, որոնք կապված են Արցախի պետական համալսարանում ուսանողների, երիտասարդ գիտնականների ու մասնագետների շրջանում գիտությամբ զբաղվելու քարոչության իրականացման ու միաժամանակ գիտության երիտասարդացման ¥ԱրՊՀ-ում դասախոսի միջին տարիքը 45 է¤ հետ, որը լիովին բխում է Արցախի մայր բուհի ռեկտոր Մանուշ Մինասյանի գործունեության ծրագրից: Տեղին է մեջբերել Ռեկտորի դիտարկումն այդ կապակցությամբ` «Գիտությամբ զբաղվելը պետք է հրապուրիչ լինի երիտասարդի համար, այսինքն` այն դժվարությունները, որոնք հաղթահարում է գիտնականը և այն կարողությունները, որոնք պահանջվում են նրանից, պետք է արժանի հատուցում ունենան»: Այս ուղղությամբ ներկայումս գործնական քայլեր ձեռնարկվում են, որոնց մասին, հուսով եմ, խոսելու առիթներ կլինեն: