Կրկին ակտիվացել են հայտնի անձանց` տարբեր կրոնական կազմակերպություններին պատկանելու մասին լուրերը: Այդ ամենը սկսվեց այն բանից հետո, երբ Միացյալ Երիտասարդական Լիգան հրապարակեց 25 հայտնիների անուններ, ովքեր պատկանում են այս կամ այն կրոնական կազմակերպությանը: Նրանց մի մասը հերքեց այդ լուրերը, մյուսները որոշեցին լուռ մնալ, սակայն օրեցօր ավելացող լուսանկարներն ու տարբեր ձայնագրությունները լրիվ այլ բան են փաստում:

Նման մի լուսանկար YerevanNews.am-ը գտավ «Ռեմա» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Կարեն Խաչատրյանի ֆեյսբուքյան էջում: Այդ լուսանկարում երևում են ՄԵԼ-ի կողմից հրապարակված հայտնիներից մի քանիսը:

Օրինակ, լուսանկարում երևում է նաև դերասանուհի Լիկա Էլբակյանը, ով, ըստ ՄԵԼ-ի տվյալների հաճախում է Հայ ավետարանչական եկեղեցի: YerevanNews.am-ը փորձեց այդ տեղեկությունը ճշտել հենց դերասանուհուց:

Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը հաճախում է «Ռեմա» եկեղեցի և հերքեց այն լուրերը, որ հաճախում է «Կյանքի խոսք» կամ «Հայ ավետարանչական եկեղեցի» կրոնական կազմակերպություն:

«Այո, ես այցելում եմ Ռեմա եկեղեցի, սակայն դա չի նշանակում, որ ես հայ առաքելական եկեղեցի չեմ այցելում: Ես գնում եմ հայ առաքելական եկեղեցի և ոչ մի դեպքում չեմ համարում , որ նա աղանդ է և կարծում եմ, որ առաքելական եկեղեցին էլ դա այդպես չի համարում: Ես մկրտված եմ հայ առաքելական եկեղեցում, իմ բալիկին պետք է կնքեմ այնտեղ, ամուսնացել եմ նույնպես հայ առաքելական եկեղեցում», - նշեց նա:

Անդրադառնալով «Կյանքի խոսք» հաճախելու լուրերին, դերասանուհին նշեց. «Ես երբեք «Կյանքի խոսք» եկեղեցի չեմ այցելել և նույնիսկ չգիտեմ, թե դա որտեղ է, երբեք չեմ եղել այնտեղից, չնայած ունեմ այնտեղից լավ ընկերներ: Այո, ես հաճախում եմ Ռեմա եկեղեցի, դա համարում եմ առողջ եկեղեցի, որտեղ ես լսում եմ քարոզներ, և կարծում եմ, որ այնտեղ աղանդավորական և այնպիսի ահավոր բաներ, որ գրված է, չկա»:

Դերասանուհու խոսքերով, նախ պետք է տարբերակել, թե որն է աղանդ և որը` ոչ: Ըստ նրա, արվեստագետը պետք է գնա տարբեր վայրեր, լսի Աստծո խոսքը, իմանա ճշմարտությունը և փնտրի ու գտնի այն, ինչ իրեն հարազատ է:

«Եթե մարդը գնում և խոսք է լսում այնտեղ, որտեղ դա ընկալում է, ուրեմն ինքը գնու՞մ է աղանդավոր կազմակերպություն: Նախ պետք է ճշտել, թե որն է աղանադավոր կազմակերպությունը, հետո նոր ինֆորմացիա տարածել», - նշեց նա:

Պատասխանելով YerevanNews.am-ի այն  հարցին, թե արդյոք հաճախում է հայ առաքելական եկեղեցու պատարագներին, Լ. Էլբակյանը նշեց, որ մասնակցում է պատարագներին և իրենց համարում է առաքելական եկեղեցու լիիրավ անդամ: Նա նաև հայտարարեց, որ ինքը ոչ մի աղանդավորական կազմակերպություն ոտք չի դրել:

Նա նաև նշեց, որ բալիկի ծնվելուց հետո ոչ մի եկեղեցի չի այցելել, միաժամանակ, հավելելով, որ դա իր իրավունքն է և ինքն է որոշում, թե ուր է ուզում գնալ: «Ես աղանդավորական շարժում չեմ համարում ոչ Կյանքի խոսք եկեղեցին, ոչ Ռեմա եկեղեցին: Աղանդավորական շարժում են Եհովայի վկաները, քանի որ իրենք սուրբ երրորդությունը չեն ընդունում , իսկ Ռեման դա ընդունում է», - նշեց նա, հավելելով, որ Ռեման բողոքական ճյուղի մի մասն է միայն և աղանդ համարվել չի կարող:

Հիշեցնենք նաև, որ նույն ՄԵԼ-ի տվյալներով, դերասանուհու մայրը` դերասանուհի Աննա Էլբակյանը նույնպես հաճախում է Հայ ավետարանչական եկեղեցի, իսկ մի քանի այլ աղբյուրներ և տեսագրություններ վկայել են, որ վերջինս այցելում է «Կյանքի Խոսք» եկեղեցի: Այս առնչությամբ, Լիկա Էլբակյանը նշեց. «Իմ մայրը կրկին Ռեմա եկեղեցի է հաճախում, հայրս ոչ: «Կյանքի խոսք» եկեղեցում գուցե եղել է մեկ կամ երկու անգամ, բայց նա Կյանքի խոսք եկեղեցու անդամ չէ»:

Նշենք նաև, որ նկարում երևում է նաև երգիչ և դերասան Արսեն Գրիգորյանը, ում հետ YerevanNews.am-ը փորձեց զրուցել և պարզել ճշմարտությունը, սակայն վերջինս  չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: 

YerevanNews.am-ը խոստանում է առաջիկայում ներկայացնել հայտնի անձանց` կրոնական կազմակերպության պատկանելու այլ տվյալներ ևս: