Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Վալերի Սահարյանը Հայոց ցեղասպանության մասին պատմող մի ֆիլմ է նկարահանելու, որում գլխավոր դերակատարներն են լինելու աշխարհահռչակ դերասաններ՝ Ալեն Դելոնը, Դաստին Հոֆմանը և Ադրիան Բրոուդին։

Ռեժիսորի տատը փրկվել է Ցեղասպանությունից թաքնվելով տաք թոնրի մեջ։ Նա ազատվել ու ապրել է մինչև 111 տարեկան, բայց նրա հիշողությունից երբեք չի ջնջվել տեսած տառապանքն ու վիշտը։

«Համբերություն» կոչվող ֆիլմի գլխավոր դերակատարը լինելու է Ալեն Դելոնը, որը խաղալու է Կոմիտասի դերը, մարմնավորելով նրա խելագարման շրջանը, 20 տարվա ապրումները Փարիզի հոգեբուժարանում։

Դերասանն ու ռեժիսորը միասին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր մեծապես հուզվել է դերասանը։

Սահարյանը կապվել է նաև «System of a Down» խմբի երգիչ Սերժ Թանկյանի հետ, վերջինս էլ խոստացել է ֆիլմի երաժշտությունը գրել։