«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հետաքրքիր մանրամասն են պատմել մեր լրագրողին նախնական կալանքի տակ գտնվող Հիմնադիր խորհրդարանի անդամների, մասնավորապես ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանի մասին:

Շատ կալանավորներ տեսած, քաղաքական դրդապատճառներով բանտարկված անձանց հետ տարիներ շարունակ շփված ՔԿՀ աշխատակիցները զարմացած պատմել են, որ քչերն են իրենց իրավունքներին այնպես տեղեկացված, առավել եւս քչերն են կարողանում իրենց իրավունքներն այնպես պաշտպանել, ինչպես Չուգասզյանը, ով կալանավայրի աշխատակիցներից պահանջում է իր հետ բացառապես «Դուք»-ով խոսել, հարգալից վերաբերվել, օրենքի տառին հավատարիմ մնալ:

Եվ դա տարածվում է ոչ միայն ՔԿՀ աշխատակիցների, այլեւ քննիչի նկատմամբ: Կալանավայրում զարմացած են այս պահվածքից, քանի որ կալանավորների մեծ մասը, որպես կանոն, չգիտեն իրենց իրավունքները, անգամ եթե գիտեն, ապա դրանց պահպանման ջատագովներ չեն եւ ավելի շատ առաջնորդվում են չգրված օրենքներով, քան գրվածով: Եվ բացառիկ դեպք է, երբ կալանքի տակ գտնվող անձը պահանջում է իրեն «Դուք»-ով դիմել, օգտվելով օրենքով նախատեսված իր իրավունքներից: Ձեզ կարող է թվալ, թե սա մանրուք է, որը ոչինչ չի որոշում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: