ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել թռչնի որսի գնալու ժամանակ անզգուշությամբ մահ պատճառելու համար:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 2015 թվականին մարտի 11-ին Արագածոտնի մարզի բնակիչ Ա.Անտոնյանը մի քանի այլ անձանց հետ գնացել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղին հարող տարածք՝ թռչնի որսի: Ա.Անտոնյանն իր հետ վերցրել է «ԻԺ-54» մոդելի որսորդական ողորկափող, երկփողանի հրացանը: Քննության տվյալներով՝ նա ավտոմեքենայի մեջ հրացանը լիցքավորելիս հրացանի փողն անփութությամբ ուղղել է նույն ավտոմեքենայի մեջ նստած՝ իրենց հետ որսի գնացած գյուղացիներից մեկի՝ Մ.Համբարձումյանի, ուղղությամբ, լիցքավորել այն որսորդական փամփուշտներով, սակայն չի ապահովել անվտանգ լիցքավորումը, որի հետեւանքով փամփշտանոցը փակելու ընթացքում տեղի է ունեցել կրակոց: Փամփշտային մանրագնդակները դիպչել են Մ.Համբարձումյանի աջ ականջի ստորին հատվածին: Ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշանակվել են դատաբժշկական և միկրոմասնիկների, դատամատնադրոշմային, քրեագիտական համալիր փորձաքննություններ: