Հայերն միտումնավոր են ապրիլի 24-ը հարմարեցրել այնպես, որ այն համընկնի Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձի օրվա հետ, որը նախատեսվում է նշել Թուրքիայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը՝ France 24-ին տված հարցազրույցում:

Նա մասնավորապես նշել է, որ Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարեդարձը նշելու համար չի պատրաստվում թույլտվություն խնդրել Հայաստանից: Թուրքիան անպայման կնշի այդ տոնը:

«Ապրիլի 24-ը պատմական ամսաթիվ է, ու բացարձակապես կապ չունի Հայաստանում միջոցառումների հետ: Ճիշտ հակառակը, հայերն են ամսաթիվն այնպես հարմարեցրել, որպեսզի այն համընկնի մեր ամսաթվի հետ»,- ասել է Էրդողանը:

Հարցազրույցում նա նշում է նաև, որ երբ խոսքը վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև առկա խնդիրներին, «հենց Թուրքիան է միշտ արել դրական քայլը» ու խաղաղության ձեռք մեկնել: Իսկ Հայաստանը, նրա կարծիքով, «երբեք չի ընդունել խաղաղության ձեռքը»: