«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Այս տարվա գարունը նրանով է առանձնահատուկ, որ ապրիլին, Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, մեծ թվով հյուրեր ենք սպասում: Արդեն իսկ Երևանի փողոցներում կարելի է հանդիպել իրանցիների, ռուսների, որոնք օրերը տաքանալուն պես ժամանել են Հայաստան՝ հանգստանալու, շրջելու, աշխարհ տեսնելու: Մենք, որ հյուրասեր ժողովրդի համարում ունենք, պարտավոր ենք ժամանողներին լավ ընդունել՝ հարգել-պատվել-հյուրասիրել: Այնպես, որ յուրաքանչյուր ժամանող ևս մեկ անգամ այցելելու ցանկություն ունենա և դառնա մեր երկիրը գովազդող, մեր զբոսաշրջության աճին նպաստող յուրօրինակ գործակալ:

Ի վերջո, աշխարհի շատ երկրներ գոյատևում են զբոսաշրջության հաշվին, իսկ ռեսուրսների խիստ պակաս ունեցող մեր երկրի համար դա ընդհանրապես օդ ու ջրի նշանակություն ունի: Չէ՞ որ յուրաքանչյուր այցելու՝ մեր երկիր, մեր բյուջե մտնող ֆինանսներ է նշանակում: Դա նաև որոշակի ծառայությունների ու սպասարկման ոլորտի աշխատողների զբաղվածություն է նշանակում: Ուստի այն անձինք, ովքեր դա չեն հասկանում և վատ են վերաբերվում զբոսաշրջիկներին, թալանում ու գռփում են նրանց, օգտվում նրանց անտեղյակությունից, կարելի է ասել, մեր երկրի, մեր ազգի թշնամին են:

Բազում պատմություններ կան «շուստրի» տաքսիստների մասին, ովքեր «ֆռռացնում են» իրենց մեքենան նստած զբոսաշրջիկներին: Սրճարանների և խանութների աշխատողների մեջ ևս կան այնպիսիք, որոնք օտար լեզու լսելով՝ գիշատիչի պես են պահում իրենց: Օրավարձով բնակարան տրամադրողները ևս փորձում են յոթ կաշի քերթել այս շրջանում Հայաստան եկածներից:

Ցավալի է, որ սրանք չեն հասկանում, որ թալանել-խաբել կարող են մեկ անգամ: Իսկ համեստ գներն ու բարյացակամ ընդունելությունը երկարաժամկետ եկամտի հնարավորություն կտան»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: