Եթե դու մարդուն տալիս ես անորակ մի բան, ապա նրանից արժեքավոր արդյունք չես կարող ակնկալել։ Անորակ և ցածր մակարդակի երաժշտության մասին իր մտահոգությունները YerevanNews.am-ին հայտնեց երգչուհի Լեյլա Սարիբեկյանը:

«Երգարվեստի ուժը գիտակցություն և արժեքներ է փոխում։ Այսօր բարձրաճաշակ երգարվեստը քիչ է պրոպագանդվում և շարքային քաղաքացին ինքնաբերաբար զրկվել է ընտրության հնարավորությունից։ Երիտասարդ սերունդը պետք է հասկանա, որ կան ստեղծագործողներ, որոնք գործ են անում: Եթե մարդը չի ճանաչում իր արվեստը, չգիտի Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծած արժեքները, ապա չի էլ կարողանա սիրել»,- իր խոսքում նշեց Լեյլա Սարիբեկյանը։

Արվեստը հասարակական գիտակցության ձև է, մարդու ստեղծագործական աշխատանքի և հոգևոր մշակույթի տեսակ, իրականության ճանաչման յուրահատուկ եղանակ։ Արվեստը ճանաչելու, արվեստով դաստիարակելու վերաբերյալ երգչուհին իր յուրատեսակ կարծիքն ունի։

«Ես բավականին մոտ եմ կանգնած դաստիարակվող սերունդին, քանի որ մանկավարժ եմ։ Սերունդ եմ դաստիարակել և գիտեմ դրա արժեքը։ Հոգևոր երաժշտությունը երեխաների մոտ մտածողություն է փոխում։ Նույնիսկ երեխաների պահվածքն է փոխվում։ Հստակ տեսել եմ, թե ինչպես է երեխայի վրա ազդում ճիշտ ուսուցիչը։ Վերջինիս դերը և՛ լավ, և՛ վատ իմաստով շատ վտանգավոր է երեխայի կյանքում»։

Ազգային մշակույթի խնդիրներին Լեյլա Սարիբեկյանը շատ սրտացավորեն է մոտենում և ասում է, որ հայն արժանապատվության խնդիր ունի և չի կարող մնալ այս կարգավիճակում։

«Սկզբում հիվանդանում է մարդու հոգին ու նոր մարմինը։ Առանց սիրո ոչ մի իրական արժեք ու վաղվա ապագա չի լինում։ Մենք պետք է օգնենք իրար ու չխանգարենք։ Կորցրել ենք շատ կարևոր մի բան՝ սիրելու կարողությունը»,- ասաց երգչուհի Լեյլա Սարիբեկյանը:

Պատրաստեց՝ Անահիտ Կասամանյանը