ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ անձի առևանգման համար։

Նախաքննությամբ պարզվել է, որ «Հրազդան-Էքսպո» ՓԲԸ-ի տնօրենը, Ա.Գյուրջյանը և ևս երկու անձ, նախնական համաձայնության գալով, 2015թ. մարտի 7-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, պարտքուպահանջի հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով առևանգել են Երևանի բնակիչ Ռ. Աղաջանյանին։ Վերջինիս Գ. Արծրունի փողոցից բռնություն գործադրելով նստեցրել են ՓԲԸ-ի տնօրենի կողմից վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենան, որոշ ժամանակ պահելուց հետո իջեցրել Կոմիտասի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում ու հեռացել:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նշված երկու անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում առևանգմանը մասնակցած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։