«Մեր երկրում ազգային երաժշտական ժառանգության պահպանման ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում: Չկա մի նախագիծ, որը կզբաղվի ազգային մշակույթի վերհանմամբ և տարածմամբ»․ սեփական մշակույթին հաղորդակից լինելու և ճանաչելու կարևորության մասին իր մտահոգությունները YerevanNews.am-ի հետ կիսեց երգիչ Արթուր Իսպիրյանը։

«Նոր սերունդը գաղափար չունի մեր մեծերի և արժեքների մասին։ Կան ռադիոկայաններ, որ կարծես միտումնավոր քարոզում են թուրքաարաբական երաժշտություն, որը մեր ազգին բնորոշ չէ։ Երթուղային տաքսիներից մինչև հեռուստաեթեր՝ նույն աղբն են մատուցում։ Զարմանում եմ, թե այդ հեռուստաընկերությունների տնօրենները ինչպե՞ս են թույլ տալիս, որ իրենց եթերն հակահայկական գործունեություն իրականացնի։ Իրենք, հավանաբար, այդպիսին են, որ նմանատիպ հաղորդումները չեն փակում»,- ասում է երգիչը:

Նրա մտավախությունը կրկնապատկվում է, երբ գիտակցում է, որ այդ ամենը լսում և դրանով թունավորվում են հենց հայ երեխաները։

«Այս ամենը վերածվեց ինչ-որ մուսուլմանական թատրոնի, որը հեռուստաեթեր է կոչվում։ Այս ամբողջ խայտառակությունը ո՛չ ես կարող եմ փոխել, ո՛չ էլ դուք։ Սա ավելի հզոր օղակներից եկող հրահանգ է։ Ազգային ժողովում նստած մարդկանց գրեթե 80 տոկոսը կողմ են այդ արվեստին և հրճվում են դրանով»,- ասաց Արթուր Իսպիրյանը։
Վերջինս քաջ գիտակցում է ազգային ժառանգության մատուցման կարևորությունը։ Ափսոսանքով է խոսում այն նոտաների, երգերի ու երաժշտության մասին, որ ոչնչանում են։ Ըստ նրա, եթե ազգային երգն ու երաժշտությունը պահպանելու համար լայնածավալ աշխատանքներ չարվեն, ապա հնարավոր է, որ ոչ հեռու ապագայում այդ ժառանգությունն անճանաչելի ձևով հասնի նոր սերնդին։

Պատրաստեց՝ Անահիտ Կասամանյանը