Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ:

Հանդիպման ավարտին բանակցությունների արդյունքներով Հայաստանի և Չինաստանի նախագահները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր: Ստորագրվել են նաև երկու երկրների միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր: Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև` քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև` զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջև Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին» հուշագիր, «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության միջև հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական բանկի միջև հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին» համաձայնագիր, «ՀՀ կառավարության` ի դեմս Ֆինանսների նախարարության, որպես վարկառու, և Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի, որպես վարկատու, միջև մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր՝ կառավարության արտոնյալ պայմաններով» վարկային համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Չինաստանի ազգային էներգետիկայի կազմակերպության միջև ատոմային էներգիայի ծրագրերում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Մինչ Նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումը, Նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան հյուրընկալվել է ՉԺՀ մայրաքաղաքի առաջադեմ կրթօջախներից մեկում՝ շուրջ 290 տարվա պատմություն ունեցող Պեկինի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Այն կազմավորվել է 1724 թվականին Ցին կայսրության օրոք կառուցված դպրոցի հիման վրա: Դպրոցը համարվում է Պեկինի խոշորագույն և տեխնիկապես հագեցած դպրոցներից մեկը: Կրթական այս հաստատության շրջանավարտների շուրջ 95 տոկոսը ընդունվում է երկրի լավագույն ԲՈՒՀ-երը: Դպրոցն ակտիվորեն իրականացնում է նաև միջազգային համագործակցության ծրագրեր, այդ թվում՝ աշակերտների փոխանակման ծրագրեր մի շարք երկրների հետ:

Հանրապետության Նախագահը շրջել է կրթական հաստատությունում, զրուցել դասավանդող անձնակազմի հետ, ծանոթացել դպրոցի առօրյային և ուսումնական ծրագրերին, որից հետո գրառում է կատարել դպրոցի պատվավոր հյուրերի գրքում. «Ուրախ եմ հյուրընկալվել ՉԺՀ մայրաքաղաքի առաջադեմ կրթօջախներից մեկում: Վստահ եմ, որ այստեղ կրթություն ստացող չինացի ժողովրդի մատաղ սերնդի ներկայացուցիչները շարունակելու են Չինաստանի տպավորիչ և հիացմունքի արժանի հաջողությունների և ձեռքբերումների շարքը, որոնց ես վկա եմ դարձել Չինաստան կատարած իմ յուրաքանչյուր այցի ժամանակ:

Կարծում եմ՝ Ձեր դպրոցի փորձը հնարավոր կլինի օգտագործել նաև իմ նախաձեռնությամբ Հայաստանում կառուցվելիք չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի գործունեության ընթացքում: Մեր չինացի բարեկամների օգնությամբ ստեղծվելիք այդ կրթօջախը կդառնա հայ-չինական համագործակցության կարևոր առհավատչյա:

Վստահ եմ, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր երկու ժողովուրդները բարեկամության և խաղաղության մթնոլորտում զարգացնելու և ամրապնդելու են իրենց կապերն ու համագործակցությունը՝ իրականացնելով ապագայի իրենց տեսլականները»,-գրել է Նախագահ Սարգսյանը:

Ի պատիվ պետական այցով Չինաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի անունից այսօր կտրվի պաշտոնական ճաշ: