1927թ.-ի մարտի 6-ին ծնվել է լեգենդար կոլումբիացի գրող, նովելիստ, սցենարիստ, լրագրող Գաբրիել Գարսիա Մարկեսը: Նա հանդիսանում է «մոգական ռեալիզմ» գեղարվեստական ուղղության ներկայացուցիչ: Գարսիա Մարկեսի ամենահայտնի վեպերից են «Գնդապետին ոչ ոք չի գրում» (լույս է տեսել 1961 թ.), «Չարաբաստիկ ժամը» (1966 թ.), «Սերը ժանտախտի ժամանակ» (1985 թ.) անկրկնելի ստեղծագործությունները, սակայն նրա կյանքի անխոս գլուխգործոցն է համարվում «Հարյուր տարվա մենություն» վեպը (1967 թ.):

Գրքի մասին մասին Մարկեսը մի առիթով ասել է. 

«Ես ունեի կին և երկու փոքրիկ տղա: Ես աշխատում էի որպես փիար մենեջեր և խմբագրում էի կինոսցենարներ: Բայց գիրք գրելու համար պետք էր հրաժարվել աշխատանքից: Ես մեքենաս գրավ դրեցի և գումարը տվեցի Մերսեդեսին: Ամեն օր նա ինձ համար ձեռք էր բերում թուղթ, ծխախոտ, այն ամենը, ինչ անհրաժեշտ է աշխատելու համար: Երբ գիրքն ավարտվեց, պարզվեց, որ մենք մսավաճառին պարտք ենք 5000 պեսո՝ հսկայական գումար: Շրջանում լուր էր տարածվել, որ ես շատ կարևոր գիրք եմ գրում, և բոլոր կրպակատերերը ցանկանում էին մասնակցություն ունենալ այդ գործում: Որպեսզի տեքստն ուղարկեի հրատարակչին, անհրաժեշտ էր 160 պեսո, իսկ ունեի ընդամենը 80: Այդ ժամանակ ես գրավ դրեցի Մերսեդեսի խառնիչն ու վարսահարդարիչը: Այդ իմանալով՝ նա ասաց. «Այդ է պակաս, որ վեպը վատը լինի»»: 

Ներկայացնենք մի փոքրիկ պարբերություն համաշխարհային ճանաչում ունեցող այս վեպից.

«Հենց ընկնում էր մթնշաղը, տունը լցվում էր դեղին թիթեռներով: Ամեն երեկո լողարանից վերադառնալով, Մեմեն հանդիպում էր թիթեռներին սրսկիչով ոչնչացնող Ֆերնանդային: «Պարզապես փորձանք է,- տնքում էր Ֆերնանդան:- Ամբողջ կյանքումս ինձ ասել են, որ գիշերային թիթեռները դժբախտություն են բերում»:

«Ամբոխի մեջ կորսված երջանիկ հարս ու փեսա էին նրանք և նույնիսկ սկսել էին գլխի ընկնել, որ սերն առավել խոր ու խաղաղ զգացմունք կարող է լինել, քան իրենց գաղտնի գիշերների անզուսպ, բայց վաղանցիկ հաճույքը»:

«Նա ուզում էր իր կողքին պահել շուշանագույն այդ մաշկը, այդ զմրուխտյա աչքերը, այդ ձայնը, որով նա իր յուրաքանչյուր հարցին մի այնպիսի հարգանքով էր ավելացնում «սենյոր» բառը, ասես հարազատ հորն էր դիմում»: