Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական դաշտում ձեւավորվում են սպասումներ, որ Սերժ Սարգսյանը փետրվար-մարտին կհայտարարի սահմանադրական փոփոխությունների գաղափարից հրաժարվելու մասին: Շատերը մտածխում են, թե սա Սարգսյանի համար ներքաղաքական իրավիճակը հանդարտեցնելու միջոց է, որն արժանապատիվ նահանջի հնարավորություն կտա նաեւ եռյակին:

Որ սահմանադրական փոփոխությունների խաղաքքարտը Սերժ Սարգսյանն օգտագործելու է իր ներքաղաքական հաշվարկների համար, ակնհայտ է: Բայց տվյալ իրավիճակում նրան կարծես թե ձեռնտու է սահմանադրական փոփոխությունների պրոցեսը շարունակելը, քան թե կասեցնելը: Ի վերջո, եկեք պատկերացնենք, որ նա հրաժարվում է սահմանադրական փոփոխությունների գաղափարից: Բա ի՞նչ է անելու սրա փոխարեն:

Սա կարեւոր հարց է, որովհետեւ քաղաքական իրավիճակը իր վերահսկողության տակ պահելու համար նա պետք է դառնա քաղաքական օրակարգի թելադրող: Առանց սահմանադրական փոփոխությունների նա ի՞նչ օրակարգ է առաջարկելու ներքաղաքական կյանքի համար: Փաստացի առաջարկելու ոչինչ չունի. Սա նշանակում է, որ այդ դատարկ տեղը կլրացնեն ուրիշները՝ իրենց զանազան օրակարգերով, եւ իրավիճակը դուրս կգա իր վերահսկողությունից: Իսկ սահմանադրական փոփոխությունների պրոցեսը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս մի քայլ առաջ լինել ընդդիմախոսներից եւ նրանցից շատերին դնել անհարմար իրավիճակի մեջ: Խնդիրն այն է, որ եռյակի ուժերից երկուսը մշտապես խորհրդարանական կառավարման անցնելու կողմնակից են եղել:

Խոսքը «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի մասին է: Թե առաջինը, եւ թե երկրորդը իրենց նախընտրական ծրագրերում կետ են ունեցել՝ սահմանադրական փոփոխություններով կառավարման խորհրդարանական ձեւին անցնելու մասին: Եւ հիմա՝ սահմանադրական բարեփոխումների՝ Սերժ Սարգսյանի առաջարկը մերժելուց հետո, նրանք պետք է շատ լուրջ հիմնավորումներ ունենան, թե այդ ինչո՞ւ ընդամենը երկու տարի առաջ այդ բարեփոխումները համարում էին փրկության ուղի, իսկ հիմա կործանման ուղի են հռչակում:
Սահմանադրական բարեփոխումների գործընթացը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս նաեւ որոշակիորեն բարելավել իր վիճակը խորհրդարանում: Ի վերջո, ՀՅ Դաշնակցությունը փոփոխությունների միանշանակ կողմնակից է, եւ այս ֆոնին ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը խորհրդարանական կայունության ավելի մեծ երաշխիքներ կտա Սերժ Սարգսյանին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում