Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո Նախագահներ, Վեհափառ Տեր, պարոնայք գեներալներ, սպաներ, թանկագին հյուրեր: Շնորհավորում եմ համայն հայությանը` Հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ և հավաստիացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, որոնք հայ ժողովրդին նվիրեցին խաղաղության ևս մեկ տարի, այսուհետև նույնպես վստահորեն կկատարեն իրենց խնդիրը և կապահովեն Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը:

Հայկական բանակի ծննդյան 23-րդ տարեդարձը մենք դիմավորում ենք երկրի պաշտպանունակության հետագա ամրապնդման խոշոր ձեռքբերումներով: Հայաստանն այսօր ունի զարգացող ռազմարդյունաբերական համալիր և տարեցտարի ընդլայնվող ռազմատեխնիկական համագործակցություն գործընկեր պետությունների հետ: Առաջնագծում ստեղծվում է ինժեներական ու ամրաշինական կառույցների ավարտուն համակարգ, լուրջ առաջընթաց է արձանագրվում մարտական ու հրամանատարական պատրաստության մակարդակի բարձրացման, պայմանագրային զինծառայության հետագա ընդլայնման, արհեստավարժ սերժանտական կազմի ձևավորման գործում: Իրեն լիովին արդարացնում է թափանցիկության ապահովման ու սոցիալական արդարության պահպանման նպատակով զորակոչը վիճակահանությամբ իրականացնելու սկզբունքը:
Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների մակարդակի անշեղ բարձրացմանը զուգընթաց՝ շարունակաբար մեծանում է վերապատրաստման միջազգային դասընթացներ ավարտող սպաների թիվը: Զինված ուժերին առնչվող իրավական դաշտի ամբողջացման, իրավախախտումների կանխարգելման, զինծառայողների իրավունքների պաշտպանության գործում հասարակական վերահսկողության ընդլայնման նպատակով կյանքի են կոչվում նորանոր ծրագրեր: Մեծածավալ աշխատանքներ են իրականացվում զինծառայողների բժշկական սպասարկման ու կենցաղային պայմանների բարելավման, արևային էներգիայի միջոցով զորանոցներում տաք ջրամատակարարման ապահովման, զորանոցաշինության ու բնակարանաշինության, աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության, բանակում Հայ ազգային գաղափարախոսության արմատավորման և փողոցային արատավոր բարքերն իսպառ արմատախիլ անելու ասպարեզներում:
Օրենսդրական լուրջ հիմք է ստեղծվել սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացման համար, շարունակվել են խաղաղ ականազերծման և հողագործական աշխատանքների անվտանգության ապահովման աշխատանքները:

Չնայած առաջնագծում տիրող լարվածությանը՝ 2014 թվականի ողջ ընթացքում տեղի են ունեցել հանկարծակիության ու արդարացված համարձակության շեշտադրումներով բնութագրվող և օպերատիվ մտահղացումների բազմազանությամբ առանձնացող բազմաթիվ զորավարժություններ: Առանձնակի ուշադրություն է դարձվել ուսումնամարտական բարդ խնդիրների կատարմանը, մարտական կիրառման շրջաններում զորավարժությունների անցկացմանը և դիպուկահարների պատրաստության նոր մոտեցումների կիրառմանը: Այս ամենի արդյունքները բոլորս տեսանք ԼՂՀ պաշտպանական բանակի հետ համատեղ անցկացված «Միասնություն-2014» համաբանակային օպերատիվ մարտավարական զորավարժություններում, որը, ցավոք, հակառակորդի հերթական սադրանքի պատճառով դրամատիկ ընթացք ունեցավ:

2014 թվականին կյանքի կոչվեց «Փոքր ուժերով մեծ խնդիրների» լուծման սկզբունքը, ինչի վկայությունը դարձան ամռանը Հայկական բանակի իրականացրած զսպող գործողությունները, որոնք Հայաստանի ու Արցախի սահմաններից հեռու վանեցին մարտական գործողությունների վերսկսման ուրվականը: Իսկ նոր մեթոդների ու միջոցների կիրառման շնորհիվ ժամանակին հայտնաբերվեցին ու կանխվեցին հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման տասնյակ փորձեր:

Մարտական պատրաստության ասպարեզում Հայկական բանակի ձեռքբերումների վկայությունը դարձան նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2014» և «Անքակտելի եղբայրություն-2014» համատեղ զորավարժություններում, ԱՄՆ եվրոպական հրամանատարության և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից կապի ոլորտի «Համատեղ ձգտում 2014», «Աչալուրջ պահապան» բժշկական, «Վիկինգ-2014» հրամանատարաշտաբային և «Պլատինե արծիվ» զորավարժություններում հայկական ստորաբաժանումների ցուցաբերած արդյունքները:
«Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումներում հայկա¬կան անձնակազմերը գրավեցին երկրորդ տեղը, «Միություն 2014. Հաղթանակի ժառանգորդները» միջազգային մրցույթ-հավաքում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները նվաճեցին հաջորդ հավաքը Հայաստանում անցկացնելու իրավունքը: Ինժեներական ստորաբաժանումների զինվորներն առաջին անգամ մասնակցելով ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի մրցումներին, գրավեցին երրորդ, իսկ ինժեներական որոշ մեքենաների վարման մրցումներում` առաջին տեղը:

2014 թվականը դարձավ նաև դաշնակից և գործընկեր երկրների բանակների հետ երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով պաշտպանական համագործակցության խորացման ու ընդլայնման հերթական տարին` թույլ տալով ամրապնդել մեր անվտանգային միջավայրը: Շարունակվեց համապատասխան ստորաբաժանումների մասնակցությունը ռազմական փոխգործունակության բարձրացմանն ու օպերատիվ համատեղելիության ամրապնդմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներին: Զինված ուժերը շարունակեցին իրենց ներդրումն ունենալ միջազգային կայունացման գործընթացներում` Աֆղանստանում ու Կոսովոյում, և դեռ ավելին` ներգրավվեցին նաև Լիբանանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող առաքելությանը:

Առաջիկա տարիների համար զինված ուժերի կայուն զարգացումն ապահովելու և այն 21-րդ դարի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով նախաձեռնվեց պաշտպանության ռազմավարական վերանայման երկրորդ գործընթացը, մեկնարկեցին անվտանգության միջավայրի գնահատման, մարտահրավերների հստակեցման և դրանց չեզոքացման ուղիների մշակման աշխատանքները, հայ ռազմարվեստի զինանոցը համալրվեց նոր` «Խելացի պաշտպանություն» և «Հրամանատրում առաջադրանքով» գաղափարներով:

Չեմ կարող չնշել նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդման, բանակում թափանցիկության, մարդու իրավունքների պաշտպանության, բարեվարքության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ունեցած ձեռքբերումները:
Անշուշտ, բանակի հերթական տարեդարձը ոչ միայն արձանագրած ձեռքբերումները գնահատելու, այլև առկա բացթողումներին և թերացումներին մեր ուշադրությունը հրավիրելու առիթ է: Հասարակությանը հաշվետու լինելու գործում մենք երբեք չենք խուսափում ազնվորեն ներկայացնել բանակում առկա խնդիրները` դրանք լուծելու գործում ապավինելով նաև հասարակության աջակցությանը: Վստահեցնում եմ, որ այսուհետ ևս շարունակելու ենք բաց և թափանցիկ քաղաքականությունը` գիտակցելով Հայաստանի Հանրապետության և հայ հասարակության անվտանգությունն ապահովելու ողջ պատասխանատվությունը:

Սիրելի հայրենակիցներ

Հայկական բանակն ուրիշի հողին տիրելու նպատակ երբեք չի հետապնդել, բայց հաստատակամ է այսուհետ ևս վճռականորեն կասեցնելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն: Դրա վկայությունն անցած տարվա դեպքերն էին, որոնք պիտի լուրջ դաս լինեն իրենց ռազմատենչ նկրտումների պատճառով Հարավային Կովկասի փխրուն խաղաղությունը վտանգել փորձողներին: Նրանք պիտի առնվազն կույր լինեն` չտեսնելու համար, որ Հայկական բանակը ոչ միայն հստակ կատարում է իր պաշտպանական խնդիրները, այլև անհրաժեշտության դեպքում կարող է գործարկել զսպման մեխանիզմը` դիմելով հակառակորդին սթափ ու խելամիտ պահվածք պարտադրող կանխարգելիչ քայլերի:

Հուլիս-օգոստոսին ծավալված մարտական գործողությունների մասին շատ է խոսվել, ու արդեն բոլորը գիտեն, թե վերջում ինչ ստացվեց՝ և՛ մեր ազգաբնակչությունը, և՛ հարևան երկրի. փոքր պետություններում անհնար է ժողովրդից թաքցնել ճշմարտությունը: Հայ զինվորականը ստիպված էր նորից զենքով պաշտպանել իր հայրենիքը, իր համար թանկ բոլոր արժեքները թշնամուց, և նա այդ արեց փառավոր կերպով: Նա այդ արեց քաջության հերոսական պատումներ կերտելով, և այդ հերոսություններից մի մեծ ու կարևոր մասնիկ մնաց մեր, մեր արյան, մեր գենի մեջ, ձուլվեց մեր արմատներին: Հաղթողի հպարտություն, հաղթողի վստահություն, հաղթողի հոգեբանություն, արագ համախմբվելու կարողություն… Սա՛ է մեր անձնվեր զինվորների ու հրամանատարների մեծագույն նվերը հայ ժողովրդին...

Եվ շնորհակալություն հայտնելով բոլոր զինծառայողներին` տագնապալի այս օրերին ցուցաբերած զգոնության և արիության համար, միաժամանակ խոնարհվում եմ այն հերոսների պայծառ հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը զոհեցին Հայաստանի ու Արցախի սահմանները պաշտպանելու համար: Հավերժ փառք նրանց, ովքեր իրենց արյամբ ապացուցեցին, որ Հայկական բանակի երիտասարդ սերունդը ևս Հայրենիքին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում կշարունակի ավագներից ժառանգած ավանդույթները:
Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հոտընկայս հարգել
մեր նորօրյա հերոսների և բոլոր այն զինծառայողների հիշատակը, ովքեր ընկան Արցախյան ազատամարտի ու բանակաշինության տարիներին:

Շնորհակալություն:

Ցավոք, հակառակորդը մնում է նույնը, և իր զինվորներին անիմաստ մահվան ուղարկելու գործելակերպը շարունակում է նաև 2015 թվականի առաջին իսկ օրերից: Ու թեև անդառնալի կորուստների գնով, բայց այդ ոտնձգությունների փորձերը ևս արժանի հակահարված են ստանում:

Հայաստանի Հանրապետության իշխանությունների ջանքերի շնորհիվ այսօր գլոբալ առումով լայնածավալ պատերազմի վտանգ չկա: Բայց լարվածությունը պահպանվելու է, որովհետև անզոր վրեժխնդրությամբ առաջնորդվող հակառակորդը մեր պաշտպանությունում օր ու գիշեր թույլ հատված է որոնելու՝ հերթական արյունալի սադրանքով արդարանալու իր ժողովրդի առջև: Դրա համար էլ յուրաքանչյուրս պիտի առավել քան զգոն և ուշադիր լինենք: Հակառակորդը գործում է բարոյական և քաղաքակրթային այլ` մեր արժեհամակարգին անհասանելի տիրույթում: Նա հասկանում է միայն ուժի լեզուն, և ամեն մի հենակետում նրան Հայկական բանակի ուժի հստակ ցուցադրումն է հաղթական խաղաղությունը պահպանելու գլխավոր երաշխիքը:
Եղբայրներ և քույրեր

Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մեկ դար առաջ ցեղասպան ոհմակները կատարեցին մարդկության դեմ գործված ամենասարսափելի ոճիրներից մեկը: Նրանք նախատիպն էին հիտլերյան ֆաշիզմի ստեղծած «մահվան բրիգադների», որոնք սանձազերծեցին մարդկությանը սպառնացող մի նոր աղետ: Այս տարի մենք համաժողովրդական ու պետական շուքով կտոնենք նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձը: Հաղթանակ, որի համար այնքան թանկ գին վճարեց նաև Հայոց մեծ եղեռնից հետո վերածնված հայ ժողովուրդը: Հիմա 2015 թվականն է: Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց մարդատյաց չարիքն այսօր էլ, արդեն հակառակորդի «էլիտար ստորաբաժանումների» անվան ներքո հաճախ փորձում է մոտենալ մեր սահմաններին, բայց ամեն անգամ ջախջախվելով հետ է շպրտվում, ու այլևս այդպես է լինելու, որովհետև կա տարեցտարի հզորացող Հայկական բանակը:

Ամռան դժվարին օրերին հայ ժողովուրդն ապացուցեց, որ կամավորական թե զինծառայող, լրագրող, մտավորական թե քաղաքական գործիչ, Հայրենիքին սպառնացող վտանգի պահին մենք միշտ միասին ենք: Ու դրանում է մեր հզորությունը:

23 տարի առաջ մեծագույն զոհողությունների գնով ստեղծվեց Հայկական բանակը` խաղաղություն բերելու Հայաստանի ու Արցախի ավերվող շեներին: Կամավորականներին փոխարինելու եկող 18-19 տարեկան պատանիների հավաքական դեմքով այդ սպիտակ աղավնին իր առաքելությունը կատարելու համար ազատագրեց Շուշին, անցավ մի պահ գրավյալ Մարտակերտի եղևնիներին մոտեցնող պատերազմական արահետներից մինչև արևմտահայության տարագիր բեկորներին ապաստան տված Լիբանանի մայրիները տանող դժվարին ճանապարհը, որպեսզի աջակցեր խաղաղության պահպանմանն աստվածաշնչյան այդ հողում: Սա՛ է մեր անցած ճանապարհը, որը մենք ոչ ոքի չենք զիջելու, այլ շարունակելու ենք հարթել այն ու ընթանալ դեպի հզոր ու պաշտպանված Հայաստան: Եվ դա է մեր բյուրավոր նահատակների հիշատակին մատուցվող ամենամեծ հարգանքը:

Հավե՜րժ հիշատակ Հայրենիքի համար նահատակված մարտիկներին և բանակաշինության տարիներին զոհված զինծառայողներին:

Փա՜ռք ու պատի՜վ հայ ժողովրդին և Հայկական բանակին:

Շնորհակալություն: