«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առիթով։

Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 23-ամյակի կապակցությամբ:

Մեր հայրենիքի խաղաղությունն ու անկախությունն արդեն 23 տարվա պատմություն ունի: Այսօր արդեն տարածաշրջանում լավագույնի համարումն ունեցող մեր բանակի կայացման ճանապարհը դժվարիններից էր:

Անկախ անցումային տարիների դժվարություններից մեր բանակը կայացավ և այսօր արդեն բարձր մարտունակության խորհրդանիշն է:

Տոնական այս օրը ես առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Հայոց բանակի զինվորներին, սպաներին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ավանդն են ներդրել մեր հպարտությունը հանդիսացող հայկական բանակի կազմավորման, կայացման ու հզորացման գործում։

Այս հաղթական տոնի կապակցությամբ ևս մեկ անգամ շնորհավորում եմ հայ ժողովրդին, սահմաններն անսասան պահող մեր զինվորներին մաղթում եմ խաղաղ և բարի ծառայություն: Թող հայոց երկրի սահմանները մշտապես անառիկ ու ամուր մնան:

Հավերժ փառք ազատամարտիկներին, զինվորներին ու սպաներին: Հավերժ փառք Հայոց բանակին»: