Ես 92 թվականին ընդունվել եմ Բժշկական համալսարան` լավագույն գնահատականներով, իսկ բժշկական համալսարանում այն ժամանակ եղել է ռազմական ամբիոն, որտեղ ուսանողներն անցնում էին զինվորական գործ և ստանում էին կոչում` հանձնելով պետական քննություն: Լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ծառայել է բանակում:

«Բժշկական համալսարանում ես ստացել եմ բուժծառայության պահեստազորի սպա, լեյտենանտի կոչումը և այս տարիների ընթացքում որոշակի վերապատրաստումներ եմ անցել նախևառաջ՝ որպես բժիշկ»,- ասաց նա և նշեց, որ լինելով դատական բժիշկ չի զորակոչվել բանակ, որովհետև դատական բժշկական ծառայություն բանակում չկար:

Նա ավելացրեց, որ Կրթության գիտության նախարարությունը ամենամտերիմ գերատեսչությունից է Պաշտպանության նախարարությանը: «Մինչև 35 տարեկանն եմ եղել զինապարտ և 2010 թվականից ֆորմալ առումով զինապարտ չեմ, սակայն յուրաքանչյուր պահի կարող եմ կատարել իմ պարտքը` և՛ որպես զինվոր, և՛ որպես ղեկավար, և՛ որպես սպա»,- ասաց նա և հավելեց, որ Բժշկական համալսարանի կրթությունն այնքան լավն է, որ ռազմական ամբիոնից ստացած գիտելիքն ամրապնդվել է կոչումով, և ոչ թե կոչումը փոխարինել է գիտելիքին: