Հունվարի 27-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Իրանի փոխշահավետ ու բազմաբովանդակ հարաբերությունները: Յուրաքանչյուր նման հանդիպում նպաստում է փոխգործակցության առավել զարգացմանը և անմրապնդմանը»։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իրանի ԱԳ նախարար Զարիֆը իր հերթին նշեց, որ Իրանը մեծ կարևորություն է տալիս ամենատարբեր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը: Իրանի արտգործնախարարը կարևորեց իրանահայ համայնքի դերակատարումը ինչպես երկրի զարգացման գործում, այնպես էլ՝ հայ-իրանական փոխգործակցության խորացման համար։

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր՝ վերահաստատելով երկուստեք պատրաստակամությունը՝ զարգացնելու մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցությունը: Նախարարները համակարծիք էին, որ հայ-իրանական հարաբերությունները քրիստոնյա և մահմեդական երկրների համագործակցության տեսանկյունից օրինակելի կարելի է համարել։

Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը քննարկեցին երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:

Բանակցությունների օրակարգում էին առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման հարցերը։ Այս համատեքստում անդրադարձ արվեց համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրներ: Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը մշտապես կողմ է տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը։

Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացում դրական միտումների վերաբերյալ, և հույս հայտնեց, որ խնդրի շուրջ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները ճանապարհ կհարթեն հարցի համապարփակ կարգավորման համար:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը գնահատում է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի հարցում: