Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը թվային տեխնոլոգիաների միջոցով արվող հանցագործությունների, մանկական պոռնոգրաֆիայի և Հայոց ցեղասպանության մասին զրուցել է France 24-ի եթերում:

Հարցազրույցը վարող կինոգետ Լիսա Նեսելսոնը նկատել է, որ իր վերջին երկու ֆիլմով` «Գերիներով» և անհետացած երեք երեխաների մասին պատմող «Սատանայի հանգույցով», Էգոյանը կարծես թե բարկացրել է իր գործընկերներին, քանի որ վերջինիս կտրվածքով, որը իրական պատմության վրա է հիմնված, ոչ մի նորություն չի ասում` այդ թեմայով արդեն առկա վավերագրական ֆիլմերից առավել:

Արդյո՞ք իրականությունն ավելի անհավանական է, քան հորինվածքը. հարցադրում է անում կինոգետը:

Էգոյանն ի պատասխան ասում է, որ իր «Սատանայի հանգույցը» նկարահանված է այն մարդկանց համար, ովքեր նույն թեմայով վավերագրական ֆիլմերը չեն տեսել: Ի տարբերություն վավերագրականների, ըստ Էգոյանի, իր մեկնությունը ցույց է տալիս արտասովոր, անբնական հանցագործություն, փորձում հասկանալ` ինչպես քեզ պահես, երբ առնչվում ես նման անթաքույց չարիքի հետ:

Էգոյանի կարծիքով` իր աշխատանքը շփոթմունք կարող է առաջացնել, քանի որ շատ ժանրերի խառնուրդ է` մարդասպանության մասին առեղծվածային ֆիլմերից մինչև սարսափ:

Էգոյանը խոսում է նաև մեր աշխարհում ահռելի թվով մանկական պոռնոգրաֆիայի մասին, և թե որքան սարսափելի է բուն այդ փաստը:

Կինոգետը նկատում է, որ երկու ֆիլmում էլ Էգոյանը ներկայացնում է սարսափելի պատմություններ և չի բացահայտում եղելությունը մինչև վերջ, այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչ է կատարվել իրականում:

Էգոյանը բացատրում է. «Դա իմ անցած ուղու հետ է կապված: Ես հայ եմ»: Աշխարհահռչակ ռեժիսորը ասում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հարմար առիթ է` խորհրդածելու, թե ինչ է տեղի ունեցել:

Խոսելով Թուրքիա պետության կողմից ժխտողականության մասին` Էգոյանն ասում է, թե մեր աշխարհում էլ Հայոց ցեղասպանության օրինակով գործ ունենք մի բանի հետ, որը պետք է վաղուց լուծում գտած լիներ, բայց այդպես չէ:

Էգոյանը նկատում է նաև` Արևմուտքն է, որ Թուրքիային թույլ է տալիս ժխտողական լինել: Իսկ, հարցազրույցը տալով Փարիզում` ասում է, որ հոյակապ է գտնվել մի երկրում՝ Ֆրանսիայում, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: