Ադրբեջանցի փաստաբան և իրավապաշտպան Գյունայ Իսմայիլովայի դեմ երեկ երեկոյան հարձակում է իրականացվել:

Ինչպես տեղեկացնում է թուրքական լրատվամիջոցներից մեկը, դա տեղի է ունեցել տեղական ժամանակով 20:30-ի սահմաններում՝ բազմաբնակարան շենքի մոտ, որտեղ բնակվում է Իսմայիլովան:

Նա Turan գործակալությանը տեղեկացրել է, որ այն պահին, երբ փորձել է շենք մտնել, իրեն հետապնդած 20-30 տարեկան տղամարդը բռնել է կոկորդը՝ փորձելով մարմնական վնասվածքներ հասցնել:

«Նա բռնել էր կոկորդս և փորձում էր ձեռքով փակել բերանս: Սակայն ես կտրուկ շրջվեցի և նրա ձեռքին ինչ-որ գործիք տեսա: Սկսեցի բղավել և ոտքով հարվածել առաջին հարկի բնակարանի դռանը: Երբ հարևանները դուրս եկան, տղամարդը փախավ: Նա ոչինչ չասաց: Միջահասակ էր, սակայն ինձ կողոպտելու նպատակ չուներ, նա չփորձեց վերցնել պայուսակս: Նրա ձեռքին ինչ-որ բան կար և փորձում էր այդ առարկայով ինձ վնասել», -ասել է Իսմայիլովան:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Իսմայիլովայի քույրը պատմել է, որ վերջին օրերին քրոջ նկարագրածի նման տղամարդու տեսել է իրենց տան մոտ: Նա նայել է դեպի այն բնակարանի պատշգամբը, որտեղ բնակվում են Իսմայիլովա քույրերը: