Հունվարի 22-ին «Ֆրիտ Օրդ» խոսքի ազատության նորվեգական կազմակերպության դահլիճում «P.E.N.» ասոցիացիայի մասնաճյուղն Օսլոյում կազմակերպել էր նորվեգացի հայտնի թղթակից, գրող, Օսլոյի համալսարանի պրոֆեսոր Յան Օտտո Յոհանսենի «Հայերի ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը: Գիրքը հնարավորություն է ընձեռում նորվեգական հասարակության ավելի լայն շերտերին` ծանոթանալու Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստային տվյալներին և վերլուծական մեկնաբանություններին:

Միջոցառմանը մասնակցում էին հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գիտնականներ, Նորվեգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Առանձին ելույթներով հանդես եկան իրավաբան Հեննե Սոֆի Գրեվեն, պատմաբան, նորվեգական առաջատար «Սիվիտա» վերլուծական կենտրոնի փորձագետ Բորդ Լարսենը, գրող և թուրքագետ Յուջին Շուլգինը:

Իր խոսքում Յան Օտտո Յոհանսենը նշեց, որ իր գիրքը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, և որ այն ուղղված չէ թուրքերի դեմ, չնայած որ Թուրքիայի կողմից այն ագրեսիվորեն ժխտվում է:

Բորդ Լարսենն իր ելույթում ընդգծեց, որ հայերի հետ կատարվածը միանշանակորեն ցեղասպանություն է, որն իրավական կատեգորիա է, դրանից բխող իրավական հետևանքներով: «Հայոց ցեղասպանության իրականացումն առաջին հերթին Օսմանյան կայսրության փլուզումից հետո թուրքական ինքնության ճգնաժամի հոգեբանական ռեակցիան էր», - նշեց Բորդ Լարսենը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Հաննե Սոֆի Գրեվեն իր խոսքում նշեց. «Հայոց ցեղասպանությունը չպետք է ժխտվի: Դա ցեղասպանություն էր իր ամենադաժան դրսևորումներով»:

Շնորհանդեսին դասական երաժշտության դաշնամուրային կատարումներով հանդես եկավ դաշնակահարուհի Մարիամ Խառատյանը: