«Օրհնեալ է Տէր Աստուածն իմ, որ ձեռքս վարժեցրեց պատերազմի եւ մատներս՝ ճակատամարտի.»Սաղմոս143:1

Սիրե՛լի Հայոց փառապանծ Բանակում ծառայող քաջարի Զինվոր,Հայոց հաղթանակած Բանակի տոնի առիթով հոգու խնդությամբ առ Բարձրյալն Աստված մեր երկնառաք բյուր օրհնությունը ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝քաջարի մեր զինվորներին ու զորավարներին եւ համայն մեր ժողովրդին:
Մեր անկախ,կայացող պետության սիրասուն զավակն է Հայոց Բանակը,որ ծնունդ առավ Հայրենիքի կենաց եւ մահու պաշտպանության մարտերում, զրկանքների ու զոհողությունների մեջ ինչպես այսօր,ապա մաքառումներով աճեց ու ամրապնդվեց դյուցազուն,առույծազարմ Սասնա Դավթի նման օր-օրի եւ ժամ առ ժամ:Սիրելիներս,Հայոց Բանակը մեզանում մարմնավորում է մեր ժողովրդի հայրենասեր հոգին,ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը,ապագայի վստահությունը եւ պատվարն ու ապավենը հայրենի մեր երկրի խաղաղ կյանքի ու առաջընթացի:

Փա՛ռք եւ գոհություն ենք մատուցում Բարձրյալին,որ մեր Բանակը իր ծննդյան փառապանծ տոնը վերջին շրջանում թշնամու կողմից պատճառված մարդկային զգալի կորուստներով հանդերձ դիմավորում է նոր ձեռքբերումներով ու մշտանորոգ հաղթանակներով,մարտունակ ու արի ոգով,նաեւ՝ամուր հեղինակությամբ ու վստահությամբ,որ ունի մեր ժողովրդի հոգում: Մեր բարձր գնահատանքն ենք բերում Հայոց Բանակի կազմավորման եւ զորացման,նրա քաջազուն,առույծասիրտ ոգու կերտման գործում ավանդ ու երախտիք ունեցող մեր սիրելի զավակներին,Հայրենիքի սահմանները այսօր իրենց սեփական անձի գնով պաշտպանող մեր զորաց եւ զորականաց՝անձինք ովքեր իրենց արծվենի,ազնվասիրտ ծառայությամբ շարունակում են վստահ պանծալի ճանապարհը եւ ընթացքը Հայոց Բանակի:
Աղոթում ենք,որ Աստված իր հանապազ օրհնության ներքո պահպանի մեր Հարենիքը,մեր ժողովրդին եւ արգասավորի մեր միացյալ ջանքերը առ Քրիստոս Փրկիչը մեր ի սեր մեր լուսաշող Երկրի ու լուսավոր գալիքի հույսերի:Այսօր հիշում եւ խոնարհվում ենք մեր բոլոր ժամանակների նահատակ,խոնարհ հայրենյաց պաշտպանության համար մարտերում մարտիրոսված մեր բոլոր զավակների անմար պայծառ հիշատակի առաջ եւ հայցում ենք Աստծուց ,որ Տերը Իր Երկնային խաղաղության Լույս օթեւանների մեջ հանգիստ պարգեւի հանուն հայրենյաց գոյամարտերում իրենց մատաղ գլուխը եւ կյանքը մատուցած մեր զավակներին:

Նաեւ հայցում ենք Բարձրյալից, որ Իր ամենառատ շնորհներով քաջառողջ պահի մեր Բանակի զինվորական ողջ կազմին ու խաղաղության մեր մարտիկներին՝արի ոգով եւ հաղթական բազուկով: Թո՛ղ մեր կյանքում միշտ շո՛ղա Հայրենիքին ծառայության պատիվն ու պարծանքը:

Մեծահա՛րգ պարոնայք հրամանատարներ, թանկագին զինվորներ, սիրելի ուսադիր կրող զինվորականներ ու սպաներ, զինված ուժերում ծառայող արծիվ- հայուհիներ,անկոտրում բժիշկներ , բուժակներ եւ աղոթարար քահանա եղբարք ի Քրիստոս ու բարեշնորհ սարկավագներ Հայոց Բանակի տոնի կապակցությամբ մաղթում եմ Ձեզ ՝արեւշատություն,նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ Ձեր ծառայողական հայրենանվեր գործունեության մեջ՝ հանուն Հայաստան եւ Արցախ աշխարհի անսասանության եւ Հայոց անպարտելի Բանակի արգասաբեր պայծառության եւ բարգավաճման:

Եղբայրական սիրով եւ օրհնությամբ Տեր Մեսրոպ քահանա Երիցյան:Գեղարքունյաց թեմի Սեվանի եւ տարածաշրջանի (Լճաշենի զորամասի այցելու հոգեւոր սպասավոր) հոգեւոր հովիվ: