Ս.թ. հունվարի 24-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել սահմանային դիրքերն ու բնակավայրերը: Սահմանագծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել են դիվերսիոն գործողությունների փորձեր:

Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների և պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի դիվերսիոն խմբերի առաջխաղացումը շփման գծի տարբեր հատվածներում կասեցվել է, դիվերսիոն խմբերի անդամները, կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել:

Հակառակորդի կորուստների թիվը ճշտվում է:

Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

ՀՀ զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով և այսուհետ ևս կձեռնարկեն իրավիճակին համարժեք գործողություններ:

Հիշեցնենք, որ համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1800 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 20000 կրակոց: Նույն ժամանակահատվածում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում ձեռնարկել են երկու տասնյակից ավելի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք հանդիպելով հայ դիրքապահների կուռ պաշտպանությանը, կորուստներ կրելով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: