Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի ևս մեկ անգամ ցավակցություն հայտնի Գյումրիում մի քանի օր առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին: Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նրա խոսքով, զրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կանցկացվեն ամենասեղմ ժամկետներում, և մեղավորներն օրենքով նախատեսված պատիժ կկրեն:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Հայաստան ժամանած ռուսաստանցի բժիշկները հայ գործընկերների հետ անհրաժեշտ ամեն ինչ կանեն՝ ողբերգության արդյունքում ողջ մնացած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին բարձրորակ բուժօգնություն ցուցաբերելու համար: Պուտինը վստահեցրել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է բժշկական ինքնաթիռ ուղարկել՝ հետագա բուժման նպատակով փոքրիկին Մոսկվա տեղափոխելու համար: