«Հրապարակ» թերթը գրում է.

«Երկու օր է, ինչ երթուղայինների վարորդները բողոքի ակցիաներ են անում գազի թանկացման դեմ և հայտարարում, որ եթե վիճակը չկարգավորվի, կշարունակեն ակցիաներն ու գործադուլները և անգամ գլխավոր հրապարակը կփակեն: Երեկ նրանք լրագրողներին հարցնում էին՝ ո՞ւր են այն քաղաքացիական նախաձեռնությունները, որ ակցիաներ էին կազմակերպում, պայքարում տրանսպորտի թանկացումների դեմ, իսկ այսօր իրենց հետ չեն: Ավելի ուշ տեղեկացանք, որ երիտասարդները հանդիպել են նրանց, իսկ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնությունը բաց նամակով սատարել է բողոքող վարորդներին:

«Պետպաշտոնյաների, գծատեր-պատգամավոր-օլիգարխների շահույթ ստանալու մոլուցքը հիմա էլ ավելի նեղ վիճակի մեջ է դնում վարորդներին: Նրանք ցանկանում են հարստանալ թե՛ ուղևորների և թե՛ վարորդների հաշվին, միայն թե իրենց եկամուտը չպակասի: 2013 թվականի զանգվածային շարժման արդյունքում 150 դրամ ուղեվարձը նորից դարձավ 100 դրամ: Քաղաքացիների այդ պայքարի արդյունքում 2013-ի հուլիսից մինչ օրս մենք՝ երևանցիներս, խնայել ենք մոտ 20 միլիարդ դրամ կամ 50 միլիոն դոլար: Այս գումարը մեր գրպաններից շորթած կլիներ քաղաքապետարանը, կոռումպացված ու քրեական տարրերն ու գծատերերը: Այժմ էլ եկել է վարորդների հետ համերաշխություն ցուցաբերելու ժամանակը: Մեր շահերը համընկնում են` արդար տրասպորտային համակարգ, վարորդներին՝ արժանապատիվ վարձատրում»,- գրված է նախաձեռնության տարածած գրության մեջ:

Նախաձեռնության անդամ Կարեն Հարությունյանը նշեց, որ դեռևս հստակ քայլեր չկան, թե ինչպես են միանալու և աջակցելու վարորդներին: «Այսօր արդեն այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ վարորդները պայքարում են ոչ թե միայն գազի գնի թանկացման դեմ, այլև ընդհանուր թանկացումների՝ այսինքն, եթե սկսենք պայքարը, այն կդառնա համազգային պայքար ընդհանուր թանկացումների դեմ»,- ասաց Կարենը՝ ավելացնելով, որ փորձելու են ուսումնասիրել և միջոցներ ձեռք առնել վարորդներին օգնելու համար»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: