Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարությունը որոշել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Հայաստանի զարգացման հիմնադրամ: Վերջինիս հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, որի լիազորված մարմինն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Հաստատվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի կանոնադրությունը, նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Որոշման ընդունումը թույլ կտա առավել համակարգված իրականացնել երկրի տնտեսության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերը, առավել նպատակային ծախսել ֆինանսական միջոցները: