Ռուս իրավապահները ձերբակալել են ազգությամբ ադրբեջանցի «օրենքով գող» Ուլֆաթ Տագիևին, որն ավելի հայտնի է Ռուֆաթ Գյանջինսկի անունով:

Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, նրան ձերբակալել են այլ գործի կասկածանքով՝ Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող շուկայի համասեփականատիրոջ սպանության համար, սակայն պարզվել է, որ նա կապ ունի նաև հայտնի «օրենքով գող» Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի սպանության հետ:

 Այդ գործով հարցաքննության ընթացքում նա խոստովանել է, որ մասնակցել է նաև Դեդ Հասանի սպանությանը՝ 2013թ.-ին, և եղել է քիլերի խորհրդատուն:

Տագիևը երկար ժամանակ համարվել է Դեդ Հասանի գլխավոր թշնամու՝ «օրենքով գող» Ռովշան Լենկորանսկու հանցավոր խմբի քիլերը:

Հարցաքննության ընթացքում,  նա նշել է, թե ինքը չէ սպանության պատվիրատուն, այլ  ծանոթներն են խնդրել նրան միայն կազմել այն երթուղին, որով հանցագործը պետք է մոտենար դեպքի վայրին ու հեռանար: Պատվիրատուի անունը նշել նա չի համաձայնել:

Քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը (նույն ինքը` Դեդ Հասան) սպանվել էր 2013թ.-ի հունվարի 16-ին՝ Մոսկվայի ռեստորաններից մեկի մոտ: Նա սպանվել էր գլխին ստացած մեկ կրակոցով: