«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն 2014-ն արձանագրեց 12 399 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հիշեցնենք, որ հեռուստամարաթոնը կայացավ  ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ հավաքագրված գումարը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար կապող շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին, որոնք կիրականացվեն Հայաստանում և Արցախում:

Այս տարի հեռուստամարաթոնն ընթանում էր «Շենացնենք մեր երկիրը» կարգախոսով:

Որպես ռազմավարական ծրագիր հաստատված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը այլընտրանքային կապ կհաստատի մեր երկու հանրապետությունների միջև: Մայրուղին ոչ միայն կաշխուժացնի ճանապարհի երկայնքով տարածվող 22 մեծ ու փոքր համայնքների կյանքը, այլև կօգնի զբոսաշրջության զարգացմանը և կնպաստի մեր երկրների տնտեսության առաջխաղացմանը:

2013թ-ին նվիրաբերված գումարներով կատարված աշխատանքները ներառում էին ողջ ճանապարհի երկայնքով ջրահեռացման խողովակների տեղադրում,17 մեծ ու փոքր կամուրջների կառուցում ու վերանորոգում, ինժեներական ցանցերի, ափապաշտպան և արգելապաշտպան կառույցների իրականացում, հենապատերի ու եզրաքարերի կառուցում:

Վարդենիս-Քարվաճառ ճանապարհահատվածի առաջին 12 կմ-ն ասֆալտապատ է: Հաջորդող հատվածը՝ մինչև Մարտակերտ, պատված է խտացված հողային պաստառով և երթևեկելի է նաև մարդատար մեքենաների համար:

Նշենք, որ 2013-ին 16-րդ հեռուստամարաթոնն արձանագրել էր 22 661 372 ԱՄՆ դոլար նվիրատվություն և նվիրատվության խոստում:Հեռուստամարաթոն 2013-ի հանգանակությունների առաջատարը, ըստ երկրների, Ռուսաստանն էր՝ 12 350 000 ԱՄՆ դոլարի չափով, ապա ԱՄՆ արևմտյան շրջանը (Լոս Անջելես)` 2 000 000 ԱՄՆ դոլարի:Հիշեցնենք, որ 2011-ին տրվեց 21 422 477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում, որից 12 մլն 100 000-ը՝ Ռուսաստանից:

Հավելենք, որ հիմնադրամի կողմից իրականացված դրամահավաքի շրջանակներում ամենաշատ գումարը հավաքվել է 2008-ի հեռուստամարաթոնի ժամանակ՝ 35 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ամենաքիչը՝ 2004-2005թթ-ին: Այսինքն՝ նվիրատվությունները տարեցտարի աճել են:

Հիմնադրամի մեկնարկից ավելի քան 235,800,000 ԱՄՆ դոլարի միջոցներով կառուցվել է.

489 կմ ճանապարհ Հայաստանում և Արցախում,

517 կմ ջրագիծ ու ջրամատակարարման համակարգ,

144 կմ գազատար,

70 կմ էլեկտրական հոսանքի գիծ։

Կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է 334 դպրոց ու մանկապարտեզ։

Կառուցվել ու վերակառուցվել է.

424 տուն ու բնակարան,

70 առողջապահական հաստատություն,

53 սպորտային ու մշակութային կենտրոն։

Իրականացվել է ավելի քան 159 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր։